կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-20 20:01
Քաղաքական

Հատուկ ուշադրություն է դարձվելու գյուղական համայնքներում ապրող երեխաներին. վարչապետ

Հատուկ ուշադրություն է դարձվելու գյուղական համայնքներում ապրող երեխաներին. վարչապետ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Կարեն Կարապետյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը` անդրադառնալով առաջնահերթություններին:

Ըստ նրա` առողջապահության ոլորտում կառավարության հիմնական նպատակը հիվանդի՝ բուժհաստատության ընտրության հնարավորությունը մեծացնելն է, ինչը կնպաստի մատչելի գներով ծառայության որակի բարձրացմանը։ Մասնավորապես` այդ նպատակով պետական պատվերի շրջանակում նախատեսվում է բուժհաստատության կանխավճարային ֆինանսավորման համակարգից անցնել հիվանդի բուժման առավել արդյունավետ և անհատականացված հետվճարային համակարգի: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի աստիճանական ներդրման շնորհիվ ապահովել հիվանդների բոլոր փաստաթղթերի անմիջական հասանելիությունը և հիվանդանոցների աշխատանքի օպտիմալացումը:

Կրթության և գիտության ոլորտում կառավարության նպատակը յուրաքանչյուրին որակյալ կրթություն և պրակտիկ հմտություններ ստանալու հնարավորություն ընձեռելն է: Հատուկ ուշադրություն է դարձվելու գյուղական համայնքներում ապրող երեխաներին:

«Շեշտենք, որ մեր բազմաթիվ տաղանդավոր հայրենակիցներ ծնվել և մեծացել են հենց գյուղերում և փոքր քաղաքներում։ Նրանց համար չստեղծելով որակյալ կրթության հնարավորություններ՝ մենք կկողոպտենք մեր ապագան: Նախաձեռնելու ենք հանրապետության և օտարերկրյա լավագույն ուսուցիչների կողմից ամբողջ հանրապետությունում որակյալ տեսադասերի հասանելիության ապահովում։ Իրականացնելու ենք կրթական ծրագրերի վերանայում՝ հատուկ շեշտելով պրակտիկ գիտելիքների ստացումը և քննադատական մտածողության ձևավորումը: Հանրակրթական ծրագրերում ներառելու ենք ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր՝ հնարավորինս մեծացնելով բնագիտական առարկաների, մաթեմատիկայի և օտար լեզուների դասաժամերը»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա` բուհական համակարգում էական քայլեր են  արվելու կրթության որակի և աշխատանքի շուկա մուտք գործող երիտասարդների պրոֆեսիոնալ հմտությունների և գիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ: Ցանցային համալսարանների և գիտակրթական համալիրների ձևավորման միջոցով 2017 թվականի ընթացքում սկիզբ է դրվելու  ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համագործակցության ապահովման գործընթացին։

Սփյուռքի հետ հարաբերություններում կարևորվելու է Հայաստանի Հանրապետության՝ որպես համայն հայության կենտրոնի, բոլոր հայերի հայրենիքի դերի բարձրացումը։ Այդ ուղղությամբ նախատեսվում է իրականացնել սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև համահայկական կառույցների հետ համատեղ մշակել հայապահպան ծրագրեր։  Պետություն-մասնավոր համագործակցության ոլորտում առանձնահատուկ է սփյուռքի ներուժի օգտագործումը: Բազմաթիվ ոլորտներում սփյուռքի մեր հայրենակիցներն ունեն հարուստ փորձառություն և գիտելիքներ, որոնց փոխշահավետ ներդրումը կարող է ստեղծել հասարակական նոր որակներ, առաջ բերել նոր գաղափարներ, ներմուծել մշակութային նոր ձևաչափեր, բերել նոր աշխատանքային մշակույթ, ստեղծել գլոբալ մրցունակ ապրանքներ և ծառայություններ: Կառավարությունը կնախաձեռնի սփյուռքի գործարար ներուժը ներգրավող միջոցառումներ և նախագծեր: Կարևոր է նաև մեր սփյուռքի հայրենակիցներին «Մեկ պատուհանի» սկզբունքով խորհրդատվական ծառայությունների մատուցումը:

Մշակույթի ոլորտում կառավարության հիմնախնդիրն է ազգային մշակութային արժեքների իմացությունը և պահպանումը՝ միաժամանակ այլ մշակույթների նկատմամբ բաց լինելու և լավագույն արժեքների փոխառնելու պատրաստակամությամբ: Մեր բազմադարյա պատմությունը վկայում է, որ մշակութային շփումների, այլոց արժեքների նկատմամբ բաց և տոլերանտ լինելու շնորհիվ մեր մշակույթը միայն հարստացել է, դարձել ավելի կենսունակ և հզոր: Միջազգային շփումների խրախուսման նպատակով նախատեսվում է աջակցություն՝ միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման և երիտասարդների շարժունակության խթանման համար:

«Կարևոր է ոչ միայն աշխարհից վերցնելը, այլև աշխարհին տալը: Հայաստանի ճանաչելիության և մշակութային արժեքների պահպանման համար կարևորում ենք պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանումը։ Այդ նպատակով 2017 թվականին պլանավորում ենք ստեղծել թանգարանների վիրտուալ տեղեկատվական համակարգեր: Կարևորում ենք նաև շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը, ազգային փոքրա-մասնությունների մշակույթը ներկայացնելու համար նպաստավոր պայմանների ապահովումը, այդ լեզուներով գրքերի և պարբերական մամուլի հրատարակման համար աջակցության ցուցաբերումը»,- ասաց Կարեն Կարապետյանը: 


Բնապահպանության ոլորտում մեր խնդիրն է Հայաստան աշխարհի ունիկալ բնության պահպանումը և այն վաղվա սերնդին փոխանցումը։ Մասնավորապես` պլանավորում ենք խստացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը:

«Մեր հասարակության համար խիստ կարևոր է առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի քարոզումը: Ամեն օր մեր երկրում պետք է ավելանա սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվողների թիվը։Այս նպատակով մշակելու ենք մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի Ազգային ծրագիր։ Հանրակրթական ծրագրերում քարոզելու ենք և ներդնելու ենք ֆիզիկական կրթության զարգացում և առողջ ապրելակերպի ժամանակակից մոտեցումներ ու պահանջներ: Ֆիզկուլտուրայի դասերը պետք են լինեն յուրաքանչյուր դպրոցում և պարտադիր»,- ելույթում նշեց Կարեն Կարապետյանը: