Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի որ բոլոր ղազախները թյուրք են, ուրեմն Նուրսուլթան Նազարբաեւն էլ թյուրք է: Չգիտեի՞ք: Բա, հայտնի թյուրք է. երբ Էրդողանն ու Ալիեւը հավաքվում են, մյուսների հետ, այդ մյուսներից մեկն էլ Նազարբաեւն է: Մրսած լինի, առողջ լինի, գնում է: Թյուրքերն ուրիշ ժողովուրդ են, նրանք առանց ինչ-որ ռազմաքաղաքական դաշինքների, ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, համարում են, որ եթե մեկը հարձակվել է թյուրքի վրա, ապա բոլոր թյուրքերը պետք է միանան եւ ջարդեն: Նրանք չեն հաղթում, նրանք ջարդում են, ջարդողը չի հաղթում, թեև սա ավելի շատ մենք ենք մեզ հանգստացնելու համար հորինել, որովհետեւ թյուրքերի հարեւաններն ենք ու թյուրք չենք դարձել:
Թե ինչո՞ւ ենք Նազարբաեւին համարում մեր դաշնակիցը, չգիտեմ: Պուտինի պարագան էլ չգիտեմ, բայց համարողներին հասկանում եմ: Նազարբաեւին մեր դաշնակիցը համարողներին ոչ էլ հասկանում եմ: Ի՞նչ է այդ մարդն իր կյանքում ասել, որից մենք ազգովի լավ ենք զգացել: Օրինակ` Օբաման մեկ-երկու անգամ հայերեն ասել է՝ «Մեծ Եղեռն», Պուտինն ասել է ավելի եղբայրաբար՝ «Հայոց ցեղասպանություն», Հռոմի պապն էլ է ասել: Ցեղասպանությունից մազապուրծ Շառլ Ազնավուրենց տանը, ինչպես հիշում է ինքը՝ Ազնավուրը, չեն սիրել խոսել ցեղասպանության թեմայով, քանի որ ցավ է, բայց դա Ազնավուրենց տանը, Հայաստանն Ազնավուրենց տունը չէ, այստեղ, որքան խոսում ես ցավի մասին, այնքան լավ են զգում մարդիկ իրենց, ընդ որում` որքան թեմա-ցավը մեծ ու ընդգրկուն է, այնքան շատ մարդիկ են իրենց լավ զգում, հիշված զգում, չանտեսված զգում: Մի խոսքով` Նազարբաեւն անգամ «ցեղասպանություն» բառը չի ասել, թեև գուցե Խոջալուի պարագայում ասել է, վստահ չեմ, բայց որ ասած լինի, նորմալ է, թյուրք է: Թյուրքերից երկրորդը /ղրղզներից բացի/, ով մեր դաշնակիցն է այլ թյուրքերի դեմ: Դե, այսինքն, հենց ադրբեջանցիները, որոնք էլ թյուրք են, հարձակվեն, եւ մենք հասկանանք, որ Երեւանում էլ, ենթադրենք, ստատուս գրելը վտանգավոր է դարձել, քանի որ ամեն ժամ ադրբեջանցիները կարող են հասնել Երեւան, Նազարբաեւն իր ենիչերիներին ուղարկելու է՝ փրկելու մեզ ենիչերիների ճիրաններից: Կամ՝ չի ուղարկելու, դժվար բան չէ, Ղազախստանի ՊՆ-ն տարածում է հայտարարություն, որումղ նշում է. «Հարգելի' դաշնակիցներ, եղբա'յր հայեր, ցավով ուզում ենք ձեզ հայտնել, որ Ղազախստանի զինված ուժերը չեն կարող կատարել ձեր առջեւ մեր դաշնագրային պարտավորությունները, որոնք մենք բոլորս ստանձնել ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, քանի որ բոլոր ղազախ զինվորները՝ գեներալից մինչեւ շարքային, մի փոքր մրսել են եւ հիվանդ են: Բայց մենք ամեն օր աղոթում ենք Ալլահին, որ հաղթանակը շուտ տրվի»: Թե ո՞ւմ պետք է տա հաղթանակն Ալլահը այսքանից հետո, դժվար է ասել կամ դժվար չէ ասել: Մի խոսքով` ղազախներին պետք է վերաբերվել այնպես, ինչպես Անգլիայի թագավոր Էդվարդն էր վերաբերվում իռլանդացիներին շոտլանդացիների դեմ իր պատերազմներում: Իսկ Էդվարդը իռլանդացիներին շոտլանդացիների դեմ չէր հանում, քանի որ վստահ էր, որ կանցնեն հակառակորդի կողմը:
Իհարկե, մենք այնքան միամիտ չենք, որ լրջորեն ակնկալենք Նազարբաեւի եւ մանավանդ` ղազախ զինվորների գործուն աջակցությունը մեզ: Եվ գաղտնիք չէ, որ եթե, ենթադրենք, Ռուսաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, ավելի ճիշտ՝ այդ կազմակերպությունը փակի, ապա մենք երկրորդն ենք դուրս գալու եւ ՀԱՊԿ-ում ենք, քանի դեռ Ռուսաստանին ՀԱՊԿ-ը պետք է, եւ մեզ համար ամենակարեւորն այն է, թե Ռուսաստանին ինչ է պետք, որ տանք: Այսինքն` Նազարբաեւն իր զինվորներով մեզ համար դիտարկելի չէ որպես անվտանգության երաշխավոր, դաշնակից, ընկեր, բարեկամ, քավոր, սանիկ, չնայած Հայաստանում կան առանձին մարդիկ, ովքեր հիացած են Ղազախստանի տնտեսական վերելքով, Նազարբաեւի կառավարման արդյունավետությամբ եւ պետական-քաղաքական գործի կերպարով, ավելին` այս օրերին խորամուխ են եղել հայոց եւ ղազախ պատմությունների մեջ, որպեսզի պարզեն, թե հինավուրց ժամանակներում ինչ բարեկամական կապերով էին կապված հայերն ու ղազախները: Դեռ ոչինչ չեն պարզել, բայց նրանք համառ են:
Իսկ զուգահեռաբար, Նուրսուլթան Նազարբաեւն անգամ հիվանդ վիճակում շարունակում է պաշտոնական ընդունելություններ անցկացնել: Օրինակ` ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովի հաջորդ օրը Նազարբաեւը, ով, ինչպես հիշում ենք Երեւան չէր եկել, քանի որ մի փոքր մրսած էր եւ հիվանդացել էր, Աստանայում ընդունել է Ղազախստանի որոշ պաշտոնյաների եւ դա արել է շատ առույգ դեմքով, մինչդեռ բժշկագիտության մեր դասախոսը մեզ ապացուցում էր, որ հարբուխ ունեցող մարդու դեմքը չի կարող առույգ լինել, եւ հարբուխը մեկ օրում չի անցնում:
Իսկ եթե Նազարբաեւը Երեւան գար, ապա ՀԱՊԿ-ն այս պահին կունենար հայ գլխավոր քարտուղար: Գործող քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հենց այդպես էլ ասել է, որ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար Երեւանում չնշանակվեց, «քանի որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւը չէր ժամանել գագաթաժողովին, իսկ այդ նշանակման համար բոլոր անդամ պետությունների ղեկավարների համաձայնությունն է պետք»: Ի դեպ, Բորդյուժան չի նշել, թե ինչու Նազարբաեւը չէր ժամանել Երեւան, հավանաբար, ինքն էլ չի հավատում, որ Ղազախստանի նախագահը մի փոքր մրսած էր, կամ ինքը հավատում է, պարզապես վստահ է, որ ռուսական լրատվամիջոցներն իրեն չեն հավատա: Բորդյուժան խելացի մարդ է, ՀԱՊԿ-ում առհասարակ խելացի մարդիկ շատ կան, բոլորը չեն, բայց շատերն են: Չնայած, օրինակ, Պուտինը խելացի է, քանի որ գիտի, որ ՀԱՊԿ-ն իր երկրին պետք է, դրա համար այս ամենի մասին բան չի ասում, Նազարբաեւի «մրսածություններին» էլ նորմալ է վերաբերվում: Լուկաշենկոն եւս խելացի է, քանի որ գիտի, որ իր երկրին ՀԱՊԿ-ից դուրս սպասվում է Ուկրաինա, իրեն էլ՝ Յանուկովիչը: Խելացի են նաեւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, ով, ի դեպ, ինչպես նաեւ բոլոր ղրղզները եւս թյուրք է: Բանն այն է, որ ինչպես Ռահմոնին, այնպես էլ Աթամբաեւին մեկ է, թե տարվա մեջ քանի՞ անգամ է մրսում Նազարբաեւը, հետեւաբար չեն խառնվում, թեև զգում են կազմակերպության լարվածությունը Նազարբաեւի հիվանդությունների օրերին: Խելացի էր անգամ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը /կրկին՝ թյուրք/, ով մինչեւ մահանալը հասցրեց իր երկիրը հանել ՀԱՊԿ-ից: Եվ վերջապես խելացի է Սերժ Սարգսյանը, քանի որ նա հարմար պահի է սպասում, որպեսզի բոլորի մոտ Նազարբաեւին ասի՝ «էդ որ քեզ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանել, հը՞…»: Բայց, քանի որ Նազարբաեւն էլ խելացի է, ղազախերեն կպատասխանի՝ «Կազակտար թյուրիկտեր բոլըպ», ինչը բառացի թարգմանաբար նշանակում է՝ «ղազախն էլ թյուրք է»:
Փաստորեն, ստացվեց, որ ՀԱՊԿ-ում շատերը խելացի չեն, բոլորն են խելացի, ուրեմն ո՞րն է ՀԱՊԿ-ի խնդիրը: Ղազախները մի լավ ասացվածք ունեն՝ «Դուշպանընան բիր սաքտան, ժաման դոստան մըն սաքտան»: Թարգմանվում է այսպես՝ «Թշնամուց մեկ անգամ զգուշացիր, բայց ընկերոջից՝ հազար անգամ»:
Հովիկ Աֆյան