Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 1-ին Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում, որտեղ արդեն բնակվում է թալիշցի 28 ընտանիք, նախկին հոսպիտալի շենքում դպրոց է բացվել: Դպրոցն ունի 23 աշակերտ:
Թալիշի դպրոցը հիմա ավերակ է, շենքում միայն հուշեր են շրջում: Դպրոցի գույքը, որը պիտանի է եղել օգտագործման համար, տեղափոխել են Ալաշանի նորաբաց դպրոց, մնացածը… Մնացածն ադրբեջանական վայրագության լուռ վկաներն են դարձել:
Դպրոցում` դասասենյակներից մեկի անկյունում, ծաղկամանով մի փունջ ծաղիկ է դրված. արկերը չեն «նկատել»: Մնացել են նաև մի քանի դասագրքեր` արկերի պայթյունից քրքրված: Դասասենյակներից մեկում աշակերտներից մեկն իր տետրն է «մոռացել»` «Մայրենիի տետր, 6-րդ դասարան, Օհանյան Մերի»: Տետրում շարադրություն կա` «Հայրենիքիս մի ծաղիկն եմ». «Հայրենիքս շատ ցավեր է տեսել` տեսել է պատերազմ, բայց նա չի կործանվել, մնացել է կանգնուն: Թշնամին փորձել է գողանել մեզնից մեր հայրենիքը, բայց չի կարողացել»:
Շարադրությունը բարձրաձայն կարդում ենք ու փորձում թարգմանել մեզ հետ Թալիշ այցելած օտարերկրացիների համար, հուզվում են: 12-ամյա աղջկան տետրը հանձնելու համար գտնելը դժվար չէր: 12-ամյա Մերին նույնպես հիմա Ալաշանում է դպրոց հաճախում: Դասընկերներից շատերը նրա հետ են, ոմանք` այլ դպրոցներում: Մերիին հանձնում ենք նրա տետրը, նա էլ հիշում է շարադրությունն ու արագ-արագ ասում. «Հիմա ստիպված ենք տեղափոխվել Թալիշից, բայց այնպես չէ` հայրենիքը կորցրել ենք»:
Մերիին ոչինչ բացատրելու կարիք չկա` մեզնից լավ է ամեն ինչ գիտակցում ու դեռ մի բան էլ ինքն է փորձում մեզ բացատրել, որ, ճիշտ է` հեռացել են, բայց տունը չեն լքել: «Համոզված եմ, որ մեր դպրոցն եմ ավարտելու, եթե ես էլ չկարողանամ, եղբայրս հաստատ կավարտի»,- ասում է նա` մատնացույց անելով դեռ մեկ տարեկանը չբոլորած եղբորը:
Մերին Ալաշանում հարմարվել-չհարմարվելու խնդիր չի տեսնում, քանի որ, ինչպես ինքն է ասում, ժամանակավոր է այդտեղ: «Միայն տարածքն է փոխվել, ուսուցիչ, հարևան, դասընկեր` նույնն են մնացել»,- ասում է նա:
Ի դեպ, Մերին ուզում է լրագրող դառնալ, Արցախի մասին գրել միջազգային մամուլում, ճշմարտությունը ներկայացնել:
Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ սկզբում դպրոցն ուներ ուսուցիչների խնդիր, սակայն մրցույթ են հայտարարել, ընդունել ուսուցիչների, հիմա միայն «Ֆիզիկա» առարկայի մասնագետի խնդիր ունեն:
«Կան մի շարք ընտանիքներ, որոնք ցանկանում են տեղափոխվել Ալաշան. դե, հարևանություն-բարեկամություն այստեղ են: Ցանկություն հայտնողներ կան, բայց կացարան չկա»,- ասում է գյուղապետը:
Ի դեպ, 12-ամյա Մերիենց ընտանիքը վերջինն է հեռացել Թալիշից, պատճառը տան մեծի` 100-ն անց տատիկին էլ տեղափոխելն էր: «Երբ կրակում էին, վախենում էի, բայց ոչ այնքան, որքան Կամո ձյաձյայի երեխաները` նրանք լացում էին: Մենք նկուղում սպասում էինք, մինչև տատիին մեքենա կնստեցնեին: Տատին դժվարությամբ է քայլում, հո նրան այնտեղ չէի՞նք թողնելու»,- ասում է Մերին: