Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Քարվաճառի շրջանի հինգ գյուղերից 24 դպրոցականների, ում Հայոց Հայրապետն Արցախ այցի ժամանակ` սեպտեմբերի 9-ին, Դադիվանքում հրավեր էր ուղղել այցելել Մայր Աթոռ:
Դադիվանքի վանահայր Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Հովհաննիսյանը և Դադիվանքի շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը քարվաճառցիների անունից շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին պատանիներին ուղղված անձնական հրավերի և Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ ընդունելության համար` վստահություն հայտնելով, որ այդ սերմերը անպայման բարի պտուղներ կտան:
Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Շատ ոգևորված էինք, երբ ձեզ հանդիպեցինք Դադիվանքում և տեսանք ձեր ջերմ վերաբերմունքը, սերն ու նվիրումը ձեր վանքի և ազգային սրբությունների հանդեպ: Տեսանք, որ ձեր ծնողների քաջ զավակներն եք, որ նույն նախանձախնդրությամբ պիտի պաշտպանեք այդ ամենը` ձեր Հայրենիքը», – ասաց Նորին Սրբությունը` ուրախություն հայտնելով մանուկների Մայր Աթոռ այցի առիթով:
Նորին Սրբությունը մանուկների հետ զրուցեց նաև այցից իրենց տպավորությունների և առօրյայի մասին, ամենքին բաշխեց նվերներ:
Եռօրյա այցի ընթացքում պատանիները, մնալով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը, հոգևորականների ուղեկցությամբ եղան Մայր Աթոռի թանգարաններում և կառույցներում, Էջմիածին քաղաքի վանքերում և եկեղեցիներում, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան և Հայաստանի Ազգային պատկերասրահ: Տաղանդաշատ մանուկներն ազգային երգի ու պարի կատարումներով մասնակցեցին Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած համերգին: