կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-15 13:30
Քաղաքական

Վարչապետ է, բնականաբար, գիտի՝ ինչ է ասում. ՀՀԿ-ական պատգամավոր

Վարչապետ է, բնականաբար, գիտի՝ ինչ է ասում. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, թե չի կարծում, որ մինչ այս որևէ մեկից բիզնես էին խլում: Նա այս միտքն արտահայտեց՝ արձագանքելով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե  հաջողակ բիզնեսմեններից բիզնեսն այլևս չի խլվելու:

«Վարչապետ է, բնականաբար, ինքը գիտի՝ ինչ է ասում: Ես չեմ կարում այդ հարցերին պատասխանել, որովհետև ես բիզնեսից մի 4 մլրդ կիլոմետր հեռու եմ»,- ասաց Հարությունյանը:

Հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ իշխանության օրոք մարդկանցից բիզնեսներ են խլվել, պատգամավորը խուսափողական պատասխան տվեց՝ ասելով, թե նման միջադեպերի մասին լրագողներից է լսել: «Լսել եմ, բայց ես չեմ կարող կոնկրետ օրինակներ բերել, քանի որ երկար տարիներ է` քաղաքականության մեջ եմ և այնքան բաներ եմ լսել: Եթե նման բան եղել է, ապա ես քննադատաբար եմ մոտենում, եթե վարչապետն էլ հայտարարել է, ուրեմն դրական եմ վերաբերվում»,- ասաց նա:

Երբ պատգամավորին հիշեցրեցին, որ Խաչատուր Սուքիասյանից բիզնեսը խլել և տվել են Ռուբեն Հայրապետյանին, նա պնդեց, թե այդ միջադեպից բացարձակապես տեղյակ չէ , քանի որ այդ բնագավառից հեռու է, ավելին՝ նրան չի էլ հետաքրքրում բիզնեսի տնտեսական և բարոյական կողմը:

Անդրադառնալով հարցին, թե իսկապե՞ս այսօր Կարեն Կարապետյանը կկարողանա այնպես անել, որ մարդկանցից բիզնես չխլեն, Հարությունյանը պատասխանեց. «Մենք քանի վարչապետ ենք փոխել, և ես շատերի մասին կարծիք հայտնել եմ: Այսօր էլ հույս ունեմ և կարծում եմ ՝ ինքն իր ասածների տերը պիտի լինի, քանի որ որտեղ աշխատել է, կարծում եմ, կատարել է այն խնդիրը, որն իր առջև դրված է եղել: Մեծ բաներ չեմ ասում, որ մեծ ակնկալիքներ ունեմ, բայց գիտեմ, որ որոշակի ձևով փոփոխություններ ենք տեսնելու առաջիկա ամիսներին»: