կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-25 13:38
Քաղաքական

ՀՀԿ-ական պատգամավորը գիտի` ինչպես լրացնել Հովիկ Աբրահամյանի տեղը

ՀՀԿ-ական պատգամավորը գիտի` ինչպես լրացնել Հովիկ Աբրահամյանի տեղը

Պետք է ընդունել, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ազատ է իր քաղաքական գործունեությունը վարելու հարցում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը:

«Հովիկ Աբրահամյանն ինքն  է որոշել, և դա նրա իրավունքն է: Նա հայտարարել է, որ մնալու է քաղաքական դաշտում: Ուրեմն կերևա, թե որ քաղաքական դաշտում է գործելու, ինչ ուղղությամբ և ում հետ: Կյանքը ցույց կտա, կտեսնենք»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հարցին, թե արդյո՞ք սպասելի էր Հովիկ Աբրահամյանի այս կտրուկ քայլը, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Եթե ասեմ` սպասելի էր, ճիշտ չի լինի, եթե ասեմ` սպասելի չէր, էլի ճիշտ չի լինի: Դա քաղաքականություն է, կյանք է, շարժում է, և այդ շարժման ընթացքում, կյանքի այս իրավիճակում, ըստ երևույթին, պարոն Աբրահամյանը այդպես է որոշել: Չեմ կարծում, որ դա պետք է դարձնենք քաղաքական կարևորագույն բան»:

Իսկ թե` արդյո՞ք չի խարխլի ՀՀԿ-ի հիմքերը, երբ կուսակցությունից առանցքային դեմքեր են հեռանում, ՀՀԿ-ական պատգամավորը այդ հարցադրմանը չհամաձայնեց, բայց նշեց, որ ՀՀԿ-ն բացը լրացնելու համար պետք է ավելի կուռ և նպատակային գործունեություն ծավալի:

Պատգամավորը ողբերգություն չի տեսնում այն բանում, որ մարդիկ, ովքեր քաղաքական և  պետական գործունեություն են ծավալել, այսօր այլ դաշտում են ուզում գործունեություն ծավալել: Նա վստահ է, որ ՀՀԿ-ն հաղթելու ռեսուրսներ ունի, նաև` ցանկություն ու կամք` ոչ վիճահարույց ընտրություններ անցկացնելու: