Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախ նրանից` ՀՀԿ-ն ընդունում է Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը, թե` ոչ, ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը դրական երևույթ է համարում, որ մարդը, կուսակցությունը, սկսած ամենասկզբից, պնդում է իր գաղափարախոսությունը: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով օրերս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Հ1-ի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ հնչեցրած կարծիքի մասին, նա ասաց, որ լիբերալ գաղափարախոսությունը մենք երբեմն շփոթում ենք շուկայական հարաբերությունների հետ: Ավելին, ՀՀԿ-ականի հավաստմամբ` Տեր-Պետրոսյանը լավ հասկանում է` ինչ է ասում:
«Ինքս դեմ եմ այդ գաղափարախոսությանը, բայց այն իրավունք ունի գոյություն ունենալու: Այսօր հողերի տալու հետ կապված խնդիրը, Հայ դատի, Ցեղասպանության խնդիրը եթե դիտարկում ենք երկրի զարգացման տեսանկյունից, բոլորը ավելի ցածր են դասվում, քան մարդու իրավունքներն ու պարտականությունները. մարդն ուզում է ապրել: Այսինքն` դա արժեքային համակարգ է, որը մեր մենթալիտետը չի ընդունում»,- ասաց Ալեքսանյանը:
Ըստ նրա` Տեր-Պետրոսյանի գաղափարախոսությունը վատ բան չէ, բայց այսօրվա մեր ազգային նպատակներին չի համապատասխանում: Ալեքսանյանի կարծիքով` մարդու իրավունքների հիման վրա ստեղծված պետությունը, ճիշտ է, ժողովրդավար է, բայց խնդիրներ լուծելու համար ուժեղ չէ: «Գաղափարախոսության գոյությանը կողմ եմ, նրա առաջարկած լուծման տարբերակին` դեմ: Մենք պետք է ընտրենք` ինչ ենք ուզում` խաղաղություն և ի՞նչ գնով: Այո, կարծում եմ` ավելի լավ է պատերազմել ու զոհեր տալ, բայց պատվով այդ խաղաղությունը վաստակել: Բայց չեմ ընդունում ավելորդ քննադատությունները Տեր-Պետրոսյանի ասածների վերաբերյալ, քանի որ կան շատ դրական լիցքեր` թող մարդիկ մտածեն: Ոնց որ վախկոտին քննադատես, ասես` դու վախկոտ ես: Դե, հո բոլորը հերոսներ չեն լինում, չենք կարող բոլորին ստիպել, որ գնան ազգ-բանակ ճանապարհով: Այդ գաղափարախոսությունը լինելու իրավունք ունի»,- ասաց պատգամավորը: