կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 12:04
Իրավական

Տարիներ առաջ էր տեղափոխվել Երևան. մանրամասներ՝ Մալաթիայում սպանված երիտասարդի մասին

Տարիներ առաջ էր տեղափոխվել Երևան. մանրամասներ՝  Մալաթիայում սպանված երիտասարդի մասին

Սեպտեմբերի 2-ի երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտ սպանված 29-ամյա Վահե Գևորգյանը ծնունդով Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքից էր, ամուսնացած էր, ուներ մեկ երեխա: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Թթուջուրի գյուղապետ Զորիկ Ասլանյանը: Վերջինիս խոսքով՝ մի քանի տարի է, ինչ Վահեն ընտանիքով բնակվում էր Զովունիում: «Շատ համեստ, խելացի, խելոք, բոլորին հասնող տղա էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ իրենք էլ դեռևս չգիտեն ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել: Գյուղապետի խոսքով՝ Վահեին հուղարկավորել են Զովունիում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, ով գիտակցության չգալով` մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է քաղաքացի Ա.Հայրապետյանը և հարցաքննվել։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ցանկապատված տարածքի բետոնե սալիկների տակից ներկայացրել է ամերիկյան արտադրության «Gennings Firearms» տեսակի ատրճանակ, որն առգրավվել է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, վիճաբանությանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։