Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, մեկնարկեց նախորդ տարվա հոկտեմբերին 24-ամյա Լևոն Բունիաթյանի սպանության գործի դատաքննությունը: Մեղադրյալի աթոռին սպանվածի ընկերն է ՝ 23-ամյա Տարոն Գալուստովը:
Նրա շահերը դատարանում ներկայացնում են «Սարդարյան եղբայրներ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Վահե Մնացականյանն ու Կարեն Սարդարյանը:
Գալուստովի կենսագրական տվյալները ճշտելիս դատավորը հիշեցրեց, որ նա 2008-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից երկու տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել` ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով: Նշենք, որ հիշյալ հոդվածը վերաբերում է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ կամ այն գործադրելու սպառնալիքով կողոպուտ իրականացնելուն:
Ամբաստանյալի պաշտպան Վահե Մնացականյանը դատարանին հայտնեց, որ Գալուստովի նկատմամբ հիշյալ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Մեղադրող դատախազ Չախոյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի` Տարոն Գալուստովը 2014թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, գտնվելով տաքսի մեքենայի սրահում, ավտոմեքենայի վարորդի ներկայությամբ, Լևոն Բունիաթյանի հետ գումարային պարտքուպահանջի խնդիրներ ունենալու պատճառով մեկ անգամ կրակել է ավտոմեքենայի սրահի առջևի աջ նստատեղին նստած Լևոն Բունիաթյանի գլխի ձախ քունքային շրջանին, ինչի հետևանքով գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից Լևոն Բունիաթյանը մահացել է: Այնուհետև` Գալուստովը նույն տաքսի մեքենայով Լևոն Բունիաթյանի դին տեղափոխել է Ծարավ Աղբյուրի փողոցի հարևանությամբ տեղակայված զորամասին հարող տարածք, որտեղ ևս մեկ ստուգողական կրակոց է արձակել նրա ծոծրակային հավածին և, դին թողնելով գնացքի գծերի մոտ, տաքսի ավտոմեքենայով հեռացել է:
Ամբաստանյալը հայտնեց, որ դժվարանում է առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել:
Այսօրվա նիստում հարցաքննվեց դիակն առաջինը հայտնաբերած վկան՝ Խոսրով Քեսաբյանը: Նա հայտնեց, որ հիշյալ տարածքում գտնվող զորամասում որպես բանվոր է աշխատում: «34 համարի երթուղայինով գնում էի, երկաթգծի մոտ ընկած դիակ տեսա, քիթ ու բերանի վրա էր ընկած, սիրտս չէր տանում նայեի»,- պատմեց վկան և հավելեց որ հետո շտապօգնության բրիգադն է ժամանել, ոստիկանությունն ու Շամշյանը:
Այսօրվա նիստում վկայություն տվեց նաև միջադեպի միակ ականատես՝ տաքսու վարորդ Արթուրի մայրը՝ Սուսաննա Եղիազարյանը: Նա դատարանում հայտնեց, որ դեպքի օրը որդին գնացել է տաքսի քշելու, այդ օրը ամուսնու ծննդյան օրն են նշել, սպասել են որդուն, զանգահարել են, սակայն կա\'մ անհասանելի է եղել, կա\'մ ասել է՝ կգամ, սկսեք նշել:
Նրա խոսքով՝ որդուն որոշ ժամանակ պահել են ոստիկանությունում, հետագայում, երբ ազատ է արձակվել, տղան պատմել է, որ իր տաքսու մեջ մարդ են սպանել, գմփոց է լսել, հետևի նստած տղան «խփել է դիմացի նստածին»: Վկան հայտնեց, որ տղան վատ վիճակում է եղել, չէր հանգստանում: «Տղաս կրակոցը լսել, վախեցել ա, բայց սպանողն ասել ա` մի վախեցի, քեզ չեմ սպանի, վերջում էլ տղայիս հարցրել ա` ի՞նչ պիտի տամ: Տղաս էլ ասել ա` ոչ մի բան»,- պատմեց Սուսաննա Եղիազարյանը:
Վկայություն տվեց նաև տաքսի մեքենայի սեփականատերը՝ Գեղամ Հակոբյանը: Նա դատարանին հայտնեց, որ դեպքի մասին իմացել է հաջորդ օրը, երբ Արթուրն իրեն զանգահարել, ասել է` դեպք է պատահել, պետք է հանդիպենք: «Եկավ պատմեց, որ մեքենայում մարդ են սպանել, ու որ ինքը շատ է վախեցել: Ես էլ նրան առաջարկեցի գնալ ոստիկանություն և պատմել կատարվածի մասին»,- ասաց նա:
Վկայի խոսքով՝ Արթուրն ասել է, որ մեքենայի մեջ արյան հետքեր են եղել, որոնք, սակայն, վարորդը լվացել է:
Դատակոչի ցուցակում մի շարք վկաներ ևս կային, այդ թվում` Լևոն Բունիաթյանի ընկերուհին, մայրը: Ի դեպ, այս գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Լևոնի մորեղբայրը, քանի որ, ըստ հարազատների, մայրն ի վիճակի չէ ներկա գտնվել նիստերին, քանի որ ծանր ապրումների մեջ է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրող դատախազն այլ դատական նիստի էր, դատական նիստը հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց օգոստոսի 5-ին: