կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-01 20:21
Իրավական

13 տարվա ազատազրկում՝ ընկերոջ կնոջ դաժան սպանության համար

13 տարվա ազատազրկում՝ ընկերոջ կնոջ դաժան սպանության համար

2014-ի մայիսին Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ճանապարհին ընկերոջ կնոջը սպանելու համար 13 տարվա ազատազրկման դատապարտված Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Պաշտպանը պահանջել է ամբողջությամբ բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի`Սերգեյ Գրիգորյանին 13 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատական ակտը` ճանաչելով և հռչակելով Սերգեյ Գրիգորյանին ՀՀ քր. օր. 104 հոդ. 1-ին մասով (սպանություն) անպարտ, կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

Պաշտպանը միջնորդել է Սերգեյ Գրիգորյանի մեղքը հիմնավորված գտնելու դեպքում մեղմացնել նրա նկատմամբ սահմանված պատիժը, քաղաքացիական հայցի մասով մասնակիորեն բեկանել դատական ակտը և նվազեցնել քաղհայցով բավարարված` 2.200.000 ՀՀ դրամ գումարի չափը, այն անհամեմատ բարձր լինելու մեկնաբանությամբ: Վերաքննիչ քրեական դատարանը հիշյալ գործն ընդունել է վարույթ: Առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 9-ին:

Նշենք, որ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 9-ի դատավճռով Սերգեյ Գրիգորյանին մեղավոր էր ճանաչել սպանության կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 13 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 7-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ճանապարհին Սերգեյ Գրիգորյանը գումարային հարցերի շուրջ վիճաբանել էր ընկերոջ կնոջ՝ Վարդուհի Գրիգորյանի հետ։ Ծագած վիճաբանության ժամանակ տղամարդն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակել էր կնոջ թիկունքին, իսկ երբ վերջինս փորձել էր դուրս գալ ավտոմեքենայից, երկրորդ կրակոցն էր արձակել կրծքավանդակի ուղղությամբ։ Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել էր: Այնուհետև` Սերգեյ Գրիգորյանը հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով թաղել էր կնոջ դին: