կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-31 17:45
Հասարակություն

«Արաբկիր» զբոսայգին կվերածվի տարածաշրջանում եզակի նորարարական հանգստյան գոտու

«Արաբկիր» զբոսայգին կվերածվի տարածաշրջանում եզակի նորարարական հանգստյան գոտու

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Արտաքին հարաբերությունների գծով, մասնավոր հատվածի հետ տևական բանակցությունների, մեծ աշխատանքի արդյունքում առաջիկայում Արաբկիր վարչական շրջանում կիրագործվի «ԱլտերԷգո» նախագիծը:

«Գրին սմայլ» ընկերության հետ պայմանագրի ստորագրմամբ «Արաբկիր» զբոսայգին կվերածվի տարածաշրջանում եզակի նորարարական հանգստյան գոտու: Արկածային տուրիզմի առաջատար ուղղություններից մեկը` Զիփ-Լայնը, հասարակությանը կառաջարկի թռիչքի նոր ձև: Սա Հայաստանում նորույթ է և այժմ գործում է միայն Տավուշի մարզում/Ենոքավան/, հնարավորություն տալով թռչելու արևի, անձրևի տակ և անգամ մառախուղի միջով: Լեռնային հեծանիվ, ժայռամագլցում, նորագույն սարքավորումներով հագեցած մարզահրապարակ, մանկական խաղահրապարակ, ճոճանակներ: «Արաբկիր» զբոսայգում կգործի նաև աստղադիտակ, բացօթյա կինոթատրոն, գրադարան, յոգայի և նկարչության ժամեր, կավագործություն:

Երեկոները կզարդարի բացառիկ ձևավորմամբ գեղեցիկ անվտանգ խարույկը: Զբոսայգին ամբողջությամբ լուսավորված է լինելու: Ծրագրի իրականացման շնորհիվ կգործի կաթիլային ոռոգում, կվերականգնվեն հուշարձանները, ապրիլյան պատերազմում զոհված հերոսների նկարներով հուշաքարերը կանմահացնեն նրանց անունները: Պարբերաբար կազմակերպվելու են հայրենաճանաչողական մշակութային միջոցառումներ: Տարածքը համապատասխանեցված է լինելու հաշմանդամություն ունեցողներին:

«ԱլտերԷգո», կամ որ նույնն է «այլ ես» նշանակող այս ծրագրի արդյունքում, վստահ եմ, նշանակալի կմեծանա հետաքրքրությունն առողջ ապրելակերպի նկատմամբ և հայաստանաբնակ ու արտերկրից ժամանած այցելուները լիարժեք հանգստի հնարավորություն կունենան»: