Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը:
Ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա տարակուսեց, որ նման համաձայնագիր է բերվել ԱԺ ապրիլյան ռազմական գործողություններից հետո, երբ Ռուսաստանն իրեն չպահեց դաշնակից պետության նման:
Ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը չպետք է խանդով վերաբերվի Ռուսաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերությանը, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Հայաստանը ոչ թե խանդում է, այլ արձանագրում փաստեր. այսօր աշխարհում միակ հարձակողական զենքն արտադրում է Ռուսաստանը, և այդ զենքը վաճառում է Ադրբեջանին, որն այն կիրառում է մեր դեմ՝ մահ սփռելով: Զարուհի Փոստանջյանի խոսքով` Հայաստանն անընդհատ այդ մտահոգության մասին բարձրաձայնում է, բայց միայն բարձրաձայնելը բավարար չէ, պետք է դրան հետևեն գործողություններ, ինչը չկա:
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանը դարձել է Ռուսաստանի արբանյակը, և չի գործում Հայաստան-Ռուսաստան բարեկամության դաշինքը, չի գործում ՀԱՊԿ-ը: «Այդպես ամպագոռգոռ որ ասում եք` ուղղաթիռներն օդ կբարձրանան, ձեզ ո՞վ է թույլ տալու, որ ուղղաթիռ թռցնենք»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` Հայաստանը Ռուսաստանին է հանձնել քաղաքականությունը, ռազմական ոլորտը, տնտեսական՝ էներգետիկ, կապի ոլորտը և այլն, Հայաստանը չի օգտագործում ոչ մի այլընտրանք, մինչդեռ Իրանի հետ սերտ համագործակցությունը կարող է լինել հենց այդ այլընտրանքը: Հետևաբար` այս համաձայնագրերը Ռուսաստանին են անհրաժեշտ, այլ ոչ` Հայաստանին:
Զարուհի Փոստանջյանը տարակուսում է՝ Ռուսաստանը, Ղազախստան, Բելառուսը հայտարարում են, որ Հայաստանի թշնամի Ադրբեջանն իրենց բարեկամն է, ուրեմն որտեղ՞ է այս ամենի մեջ Հայաստանի տեղը: