| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր էկոնոմիկայի նախարարությունում հանրային քննարկման դրվեց «Բնապահպանական, սոցիալական և մշակութային ժառանգության ռազմավարական գնահատում» փաստաթուղթը: 2016թ. պետք է մեկնարկի տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող հինգերորդ ծրագիրն է և իրականացվելու է 5 տարվա ընթացքում: Ծրագրի ընդհանուր արժեքն է 68 միլիոն դոլար, որից Համաշխարհային բանկի վարկը 55 միլիոն դոլար է, իսկ Հայաստանը կտրամադրի 13 միլիոն դոլար` որպես համաֆինանսավորում:
Ծրագրի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները Հայաստանի` ընտրված 5 մարզերի` Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի տեղական տնտեսության մեջ զբոսաշրջային ոլորտի ներդրման ավելացման համար: Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է, որ այս մարզերում բնակիչներին ու զբոսաշրջիկներին հասանելի կլինեն որակյալ հանրային ենթակառուցվածքներ, կավելանա մասնավոր հատվածի ներդրումների ծավալը, իսկ վերականգնված մշակութային ժառանգության վայրերում և քաղաքներում` փոքր միկրոձեռնարկությունների քանակը:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական մասնագետ Սոնյա Մսրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները, օրինակ` Խոր Վիրապում, Դվինում, Արենիում, Գորիսում, Մեղրիում, Սանահին-Հաղպատում:
Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, Սոնյա Մսրյանի խոսքով` տարբեր զբոսաշրջային տեղերում խոսքը կարող է գնալ տարբեր ենթակառուցվածքների մասին, մի տեղ դրանք կարող են լինել ավտոկայանատեղիները, մեկ այլ տեղ` տմոսերի կրպակները, փոքր շուկայատեղիները և այլն: