Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց ԱԱԾ շենքի պատին ստվարաթղթե տանկով հարվածելու մեջ մեղադրվող Արտակ Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին և մեղադրող դատախազին մեղադրական ճառին պատրաստվելու ժամանակ տրամադրեց:
Մինչ այդ ցուցմունք տվեց ամբաստանյալը: Արտակ Գևորգյանը հայտնեց, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին իր պատրաստած տանկով դուրս է եկել փողոց, սկզբում ստուգել է հասարակության ու ոստիկանների արձագանքը, որը, ըստ նրա, շատ դրական է եղել: Ի պատասխան պաշտպանի հարցի, նա հայտնեց, որ այդ քայլով հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի դրսևորել, և երբ հարվածել է պատին, ԱԱԾ աշխատակիցներից ոչ մեկն իրեն չի ասել, որ չի կարելի, ինչից էլ ենթադրել է, որ նրանք քնած են եղել:
Դատավորի հարցին` արդյո՞ք գիտեր, որ չի կարելի հարվածել պատին, ակտիվիստը պատասխանեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել: «Ես գիտեի, որ պետք է ԱԱԾ աշխատակիցները չքնեին, եթե դուրս գային, ես կվախենայի, կգնայի»,- ասաց նա:
Ամբաստանյալն իր ցուցմունքում պատմեց, որ դեպքի հաջորդ օրը, երբ ինքն ընդմիջման է եղել, դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա, բռնություն գործադրելով` տարել անհայտ տեղ: Նա պնդեց, որ իր քայլը խուլիգանություն չէ, և որ իր ակցիան ուղղված է եղել երկրոմ տիրող սոցիալ-տնտեսական վիճակի դեմ: «Ես այդ արվեստը ստեղծելիս այն կոչել եմ տանկ: Կարող էի, օրինակ, նավ կոչել, մեջը հարմարություն ստեղծել, որ վազեմ ու այն տեղափոխեմ»,- ասաց ամբաստանյալը:
Դատավորն արձագանքեց. «Հասկանում եմ, որ դուք շատ էիք սիրում ձեր տանկը, որը լքել եք»:
Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա հունիսի 24-ին:
Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Արտակ Գևորգյանը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, այն է` անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով, 2015թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 01.30-ի սահմաններում, իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 104 հասցեում գործող` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով: