Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում սկսվել են ՀՀ յարկային օրենսգրքի նախագծի շուրջ փակ քննարկումները, որին մասնակցում են պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, գործարարներ:
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, քննարկումից դուրս գալով, լրագրողների հետ զրույցում նշեց, թե քննարկումը բավականին կառուցողական է, և որոշակի հարցերի շուրջ արդեն լուծումներ գտնվում են:
Ուշագրավ է, որ պատգամավորը երեկվա իր իսկ քննադատական ելույթից հետո հասկացել էր, որ կառավարության մոտեցումները դրական են: «Գիտե՞ք, այսօր կարողացել եմ ուշադիր ուսումնասիրել կառավարության մոտեցումները, թե ինչու են ուզում հարկային օրենսգիրքը փոխել, որոնք որ ճիշտ են և այս օրենսգրքին չեն համապատասխանում»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ինչո՞ւ մինչև իր քննադատական ելույթը չէր տեսել այդ ամենը, Հակոբյանը պատասխանեց, թե այսօր է ստացել նախագիծը: Նա նշեց, թե ինքն իր մտահոգությունները կարողացել է բաց արտահայտել և կողմ քվեարկել՝ հիմնվելով այն տեսակետի վրա, որ բոլոր մտահոգություններին պետք է լուծումներ տրվեն:
«Օրենսգրքի փիլիսոփայությանը կողմ եմ, բայց կան դրույթներ, որոնք սխալ են, բայց բավականին էլ կան, որ ճիշտ են: Հիմա ի՞նչ պետք է անել, սխալը ուղղե՞լ, թե՞ ընդհանրապես հրաժարվել ճշտից»,- ասաց պատգամավորը և նշեց, որ մինչև երկրորդ ընթերցմամբ ընդունելը բովանդակային բոլոր փոփոխությունները կարելի է անել:
Հակոբյանն ընդգծեց նաև, որ քննարկման ընթացքում շատ կարևոր հարցերի շուրջ որոշակիություն է ձեռք բերվել: «Օրինակ` երկրորդ հոդվածի 5,6-րդ կետում, երբ ճշտվում է հարկատուի և ստուգող մարմինների անհամաձայնություններով առաջնահերթությունը: Սա շատ կոնցեպտուալ խնդիր է. եթե օրենքների մեջ կան հակասություններ, դրա համար գործատուն չպետք է պատասխան տա»,- ասաց նա: