կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-15 14:34
Իրավական

Ի՞նչ հետևանքներ ունեցավ Սուրիկ Խաչատրյանին և նրա մերձավորներին չգաղտնալսելը

Ի՞նչ հետևանքներ ունեցավ Սուրիկ Խաչատրյանին և նրա մերձավորներին չգաղտնալսելը

2013-ի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ մեր պայքարն ավարտված չէ, քանի որ մինչ օրս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել Ավետիք Բուդաղյանի սպանության համար. այսօր լրագրողներին ասաց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը: «Խայտառակ խախտումներով քրեական գործն, ի վերջո, պետք է քրեական դաշտ վերադառնա, և վերականգնվի արդարությունը»,- ասաց նա:

Ի դեպ, Հայկ Ալումյանն առաջիկայում պատրաստվում է դիմում ներկայացնել ԱԱԾ նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանին` պահանջելով ծառայողական քննություն նշանակել այն ԱԱԾ ծառայողների նկատմամբ, ովքեր Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով չեն իրականացրել Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների հեռախոսազանգերի վերծանումներ:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 14-ին Արաբկիրի դատարանը որոշում էր կայացրել Սուրիկ Խաչատրյանի, նրա մի քանի մերձավորների հեռախոսները գալտնալսել: 2013թ. հուլիսին գործը քննող քննիչ Ղազարյանը Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել էր գաղտնալսումները, որպեսզի քրեական գործին համապատասխան ընթացք տրվի, սակայն ԱԱԾ-ում բանավոր պատասխանել են, որ տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանին և նրա մերձավորներին:

Փաստաբանը համոզված է, որ գաղտնալսումներն արվել են, սակայն դրանց մեջ այնպիսի տեղեկություններ են եղել, որոնք ստիպված են եղել հեռացնել: Ըստ նրա` դրանք կարող էին լույս սփռել գործի վրա: Հայկ Ալումյանն այսօր նաև տեղեկացրեց, որ իր գործընկերների միջոցով տեղեկացել է, որ նույն ժամանակահատվածում ԱԱԾ-ն տարբեր մարդկանց գաղտնալսել է, այսինքն` այդ ժամանակահատվածում ԱԱԾ-ն տեխնիկական խնդիրներ չի ունեցել` այլ գործերով գաղտնալսումներ անցկացնելու համար: