Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 8-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Պատվիրակության անդամների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Աժ խմբակցությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն առանձնակի կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը, քանի որ Չեխիան Եվրոպայում մեր առանցքային գործընկերներից է:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում հայ-չեխական հարաբերություններում, և այս այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը մեծ կարևորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը և այս համատեքստում կարևորել է հայ-չեխական խորհրդարանական ակտիվ համագործակցությունը և փոխայցելությունները, ինչպես նաև խորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքը:
Գալուստ Սահակյանը նշել է, որ ծանոթ է չեխական «Պառլամենտի լիստի» պարբերականին տված Միլոշ Զեմանի հարցազրույցին, որտեղ նա նշել է, որ ցանկանում է կոչ անել Չեխիայի կառավարությանն ու խորհրդարանին` պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի և դատապարտվի, ինչը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար՝ առաջին հերթին թույլ չտալու նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը: Մեզ համար չափազանց կարևոր է պաշտոնական Չեխիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, և մենք շնորհակալ և երախտապարտ ենք Ձեր նախաձեռնության համար»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ փաստել է, որ չեխ-հայկական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Անդրադառնալով Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Միլոշ Զեմանը հետաքրքրվել է, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում անցնել խորհրդարանական կառավարման և հույս է հայտնել, որ այդ փոփոխությունները Հայաստանին հաջողություն կբերեն: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը հյուրին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները, այդ թվում՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է նաև, որ անելիքները դեռևս շատ են, մասնավորապես պետք է ընդունվեն մի քանի հարյուրի հասնող օրենքներ:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հանդիպման ավարտին Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: