կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-23 17:40
Հասարակություն

Կօգտագործվի՞ Իսրայելի փորձը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Կօգտագործվի՞ Իսրայելի փորձը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Վիեննայում մայիսի 16-ին կայացած` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հարցում: Խնդրի անհրաժեշտությունն ընդգծեցին ամենատարբեր շրջանակների վերլուծաբաններ ու մասնագետներ, սակայն մակերեսային պատկերացում կա` ի՞նչ է իրենից ներկայացնում «հետաքննական մեխանիզմ» ասվածը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ որևէ մեկը չգիտի և չի կարող ասել` ինչ ասել է հետաքննական մեխանիզմ, քանի դեռ չկա քաղաքական որոշում: «Մենք չգիտենք, ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, մինչև դրա քաղաքական համաձայնությունը չլինի: Ռազմական մանրամասներ, թե ինչպիսի կարգեր, ինչպիսի մեխանիզմներ կլինեն, ու ինչ եղանակներով կլինի այդ ամենը, ոչ ոք չի կարող ասել: Քաղաքական համաձայնությունը պետք է լինի վերևից, որի համապատասխան էլ կմշակվեն տեխնոլոգիաները»,- ասաց նա:

Անդրադառնալով հետաքննական մեխանիզմների ներդրման միջազգային փորձին` Հովհաննիսյանը բերեց Գոլանի բարձունքների օրինակը: «Իսրայելում` Գոլանի բարձունքներում, նման բան կա, բայց թե ինչքանո՞վ է համապատասխանում մեր պատկերացրածին, կամ ի՞նչ մեխանիզմ է դա, հետքննակա՞ն, թե՞ պարզապես ֆիքսման, չեմ կարող ասել: Շատ կարևոր է հասկանալ` ինչի մասին է խոսքը: Ֆիքսելը մի բան է, բայց մեղավոր նշելը կամ հետաքննելը` լրիվ ուրիշ բան»,- ասաց նա:

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի` Հայաստանի կողմից հետաքննական մեխանիզմների ներդրման առաջարկը դեռևս մի քանի տարի առաջ է եղել, բայց դրա համար պետք է նաև Ադրբեջանի քաղաքական համաձայնությունը: