կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-28 16:30
Տնտեսական

Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի թիմին

Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի թիմին

Ապրիլի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է   Համաշխարհային բանկի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի /ՏՏԵԶԾ/ իրականացմանն աջակցող թիմին` Ահմեդ Այվեդայի գլխավորությամբ:

Քննարկման առանցքում եղել են ՏՏԵԶԾ իրականացման աշխատանքները: Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին համագործակցության և աջակցության և, մասնավորապես, այս ծրագրի իրականացման պատրաստակամության  համար, որը լայն հնարավորություններ է ընձեռում  ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տարածքային համաչափ զարգացման համար: 

- Մտադիր ենք ամբողջությամբ ներգրավվելու այս ծրագրի գործընթացում, որպեսզի տուրիզմի զարգացման տեսանկյունից ունենանք ոչ միան նպատակային և հստակ ուղղվածություն, այլ նաև չափերի գնահատելի արդյունքներ: Մեզ համար շատ կարևոր է նաև, որ այս ծրագրի բոլոր բաղադրիչների ուղղությամբ հստակություն ունենանք, նախ` երկրում իրականացվող ծրագրերի կրկնությունները բացառելու, ավելի նպատակային դարձնելու և հրապարակային ու թափանցիկ գործելաոճ որդեգրելու համար, - նշել է Արծվիկ Մինասյանը: 

Շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Ահմեդ Այվեդան հավաստիացրել է, որ պատրաստ են շարունակելու համագործակցությունը և ողջունել նախարարի հրապարակային աշխատելու պատրաստակամությունը` ծրագիրը հասարակությանն ու հասարակական կազմակերպություններին հասանելի դարձնելու գործում: Ներկայացնելով իրականացված աշխատանքը` Ահմեդ Այվեդան նշել է Համաշխարհային բանկի համար ծրագրի կարևորությունը` Հայաստանում ներդրումների և զբոսաշրջության խթանման, տարածքների համաչափ զարգացման, մշակութային ժառանգության պահպանման գործում: 

Հանդիպման ընթացքում խոսվել է համապատասխան գերատեսչությունների հետ սերտորեն աշխատելու, ենթածրագրերի վիճակի մասին: Եվս  մեկ անգամ կարևորվել է ծրագիրը կյանքի կոչելու հանձնառությունը:


ՀՀ էկոնոմիկայի նախարարություն