կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 13:27
Քաղաքական

Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին

Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին

Մարտի 14-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլիի գլխավորած պատվիրակությանը: 

Ողջունելով հյուրերին և կարևորելով Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը` Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տնտեսական զարգացման և բարեփոխումների իրականացման գործում կառույցի ցուցաբերած աջակցության ու արդյունավետ գործընկերության համար:

Նախարարը մասնավորապես անդրադարձ է կատարել Համաշխարհային բանկի աջակցությամբ և էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերին և արդյունքներին: Նա առանձնացրել է «Էլեկտրոնային հասարակություն նորարարության և մրցունակության համար» ծրագիրը, որի իրականացմամբ իրապես շոշափելի ձեռքբերումներ են գրանցվել, մասնավորապես մի շարք գյուղական համայնքներում WiFi կապի հասաբելիության ապահովման, Վենչուրային հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական  կենտրոնի ստեղծման և կայացման իմաստով, ինչը կարող է օրինակելի փորձ լինել տարածաշրջանային և միջազգային տեխնոլոգիական շատ կենտրոնների զարգացման համար:  

Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Բանկի հետ համագործակցությամբ իրականացվող երկու այլ ծրագրերին` «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» և «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում»` շեշտադրելով դրանց առանցքային կարևորությունը երկրի մրցունակության մակարդակի բարձրացման, ներդրումային դաշտի բարելավման, տարածքային զարգացման և արտաքին առևտրատնտեսական  հնարավորությունների ընդլայնման գործում: 

Նախարարը խիստ կարևորել է ընդհանուր առմամբ դոնոր կառույցների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման հարցը և ընդգծել ծրագրերի իրականացման գործում առավելագույն համակարգվածության, հանրության իրազեկվածության և թափանցիկ կառավարման, ծրագրերի մոնիտորինգի, արդյունքների գնահատման և հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը: 

Տիկին Լորա Բեյլին շնորհակալություն է հայտնել նորանշանակ նախարարին` կիսելով իր խիստ դրական տպավորվածությունը կարճ ժամանակահատվածում համագործակցության օրակարգին ու  իրականացված աշխատանքներին այդքան խորությամբ ծանոթ լինելու համար: Հայտնելով իր գոհունակությունը և մեծ ոգևորությունը զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ նախարարի մոտեցումների շուրջ, հատկապես ինչ վերաբերում է թափանցիկության և հանրային իրազեկվածության ապահովման խնդրին, Լորա Բեյլին նշել է նման նախաձեռնությանը լիովին աջակցելու իր պատրաստակամությունը

Առանձին քննարկման առարկա են դարձել ներդրումային քաղաքականությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը վերաբերող հարցեր, երկրի մրցակցային միջավայրի հետ կապված խնդիրները և բնագավառի օրենսդրական նոր կարգավորումների անհրաժեշտությունը, ինչը նաև սահմանադրական փոփոխություններով ամրագրված պահանջ է:

Զրուցակիցները քննարկել են նաև իրականացվող ծրագրերի արդյունքների կայունության ապահովման անհրաժեշտությունը, ինչը սկզբունքային նշանակություն ունի եղած ձեռքբերումներն ամրապնդելու, մասշտաբայնացնելու և զարգացման պոտենցիալի վերածելու տեսակետից: Այս իմաստով մտքեր են փոխանակվել մի շարք հնարավոր ուղղություններով ծրագրերի և համագործակցության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը և Լորա Բեյլին երկուստեք հանձնառություն են ստանձնել համատեղ ջանքեր ներդնել և գործուն աշխատանքային հարաբերություններ ձևավորել ընթացիկ ծրագրերի և ապագա նախաձեռնությունների իրականացման գործում առավելագույն արդյունավետություն ապահովելու համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն