կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-19 12:45
Տարածաշրջան

ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել

ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել

Մարտի 17-ին Բրյուսելում սկսված` Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) բանակցություններում հստակեցվել է դեպի Եվրոպա գաղթականների հոսքը դադարեցնելուն ուղղված համաձայնագրի վերջնական տեքստը: BBC-ի թուրքական ծառայության տեղեկատվությամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Թուրքիայի և ԵՄ 28 երկրների միջև միաձայն համաձայնություն է ձեռք բերվել. հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ այդմ՝ մարտի 20-ի կեսգիշերից հետո Հունաստան ժամանած գաղթականները հետ կուղարկվեն Թուրքիա: Իսկ դրա դիմաց ԵՄ երկրները կընդունեն Թուրքիայից եկող փախստականներին: Թուրքիայում բնակվող սիրիացի գաղթականներից 72.000-ը կտեղավորվեն ԵՄ երկրներում: Նշվում է նաև, որ եթե Թուրքիա վերադարձող գաղթականների թիվը գերազանցի 72.000-ը, ապա այս մեխանիզմի գործունեությունը կդադարեցվի:

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաև Թուրքիային նյութական աջակցություն ցուցաբերել և «ամենակարճ ժամանակում վերսկսել» այդ երկրի եվրաանդամակցության գործընթացը:

ԵՄ-ն վերահաստատել է ավելի վաղ Թուրքիային խոստացված 3 մլրդ եվրոյի աջակցությունը: Բացի այդ` եթե Թուրքիան ԵՄ -ի տրամադրած գումարների առաջին երկու բաժինը հաջողությամբ ներդնի փախստականների համար նախագծերում և ավարտին հասցնի դրանք, ապա նրան կտրամադրվի ևս 3 մլրդ եվրո:  

Հիշեցնենք, որ մարտի 7-ին կայացած` ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի առաջին փուլում Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հանդես էր եկել նոր առաջարկներով: Նա պահանջել էր մեծացնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նյութական օգնության ծավալները (առաջիկա 3 տարում՝ 6 մլրդ եվրո), մինչև 2016թ. հունիսը գործի դնել առանց մուտքի անցագրի ռեժիմը Շենգենյան գոտում, ինչպես նաև՝   ակտիվացնել Թուրքիայի` ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները:  Թուրքիան պարտավորվել էր նաև հետ ընդունել դեպի հունական կղզիներ շարժվող սիրիացի փախստականներին, բայց պահանջել էր, որ հետ ընդունված յուրաքանչյուր փախստականի դիմաց ԵՄ-ն ևս օրինական ճանապարհով մեկ փախստական ընդունի: