կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-02 12:59
Հասարակություն

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարները խոստացել են լուծել գյուղացիների խնդիրը. Մարմարաշենի գյուղապետ

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարները խոստացել են լուծել գյուղացիների խնդիրը. Մարմարաշենի գյուղապետ

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները, ովքեր բողոքում են, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու պատճառով զրկվել են մշակովի հողատարածքներ տանող կարճ ճանապարհից, սպառնում են փակել այն:

Մարմարաշենի գյուղապետ Էդվարդ Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիների բողոքին իրենք արձագանքել են, ու հարցը մեկ շաբաթվա ընթացքում լուծում կստանա:

Հակոբյանի խոսքով` ավտոմայրուղու  վերգետնյա կամրջի շինարարությունը սկսվելու է մեկ ամիս հետո, իսկ մինչ այդ կլինի ճանապարհի ժամանակավոր բացում: «Վար ու ցանքի սեզոնի համար ճանապարհի ժամանակավոր բացումը կլինի մոտ մեկ շաբաթից, գյուղացիները կկարողանան  գնալ` իրենց հողերը մշակելու: Գյուղացիները մեզ մոտ էին,  համայնքապետարանի դիմաց հավաքվել էին, ստեղ էլ խոսեցինք: Հյուսիս-հարավի ներկայացուցիչներն էին եկել, ու որոշեցինք, թե որ մասից պետք է շրջանցիկ ճանապարհ բացվի, որ անվտանգության պայմաններն ապահովվեն, և այդ հատվածի ավտոճանապահի արագությունը սահմանափակվի»,- ասաց նա` հավելելով, որ արդեն պատվիրված են անվտանգությունն ապահովող նշանները, որոնք մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրվեն:

«Պետք է մի քանի կիլոմետրի սահմանափակումներ դրվեն մինչև շրջանցումը: Հյուսիս-հարավի ղեկավարությունը խոսք է տվել, որ մեկ շաբաթում այս հարցին լուծում կտան, նշանները կպատվիրեն, կբերեն, կտեղադրեն և կբացեն անցումը»,- նշեց գյուղապետը: