կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-07 13:24
Տնտեսական

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի որոշ հատվածներ կարող են լինել վճարովի. նախարար

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի որոշ հատվածներ կարող են լինել վճարովի. նախարար

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ, անցյալ տարվա համեմատ, բյուջեից հատկացվող գումարների կրճատումներն արտահայտվելու են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի վրա:

«Անդրադառնալու է բոլոր ճանապարհների վրա: Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք ունենալ լավ ճանապարհներ, բայց եթե բյուջեում հատկացումները շատ լինեն, շատ կկառուցենք»,- ասաց նա:

Հարցին, թե, ի վերջո, ո՞վ է պատասխան տալու չարաշահումների համար, նախարարը պատասխանեց, որ այդ հարցն առաջին անգամ չէ, որ իրեն տալիս են: «Չարաշահումների համար պատասխան տալու համար եկեք գնահատենք, թե չարաշահումն ում կողմից է եղել: : Դա միայն ես չէ, որ պետք է գնահատեմ»,- ասաց նա:

Հարցին՝ գուցե նախկին նախարա՞րը պետք է պատասխան տա, Մարտիրոսյանը պատասխանեց, որ որևէ նման խոսք չկա, նախկին նախարարն իր գործն արել է բարեխղճորեն:

Պատասխանելով հարցին, թե նախատեսվող կրճատումները չե՞ն ազդի վարկային ծրագրերի վրա՝ նկատի ունենալով այն, որ այդ վարկերը կոնկրետ ժամանակով և կոնկրետ նպատակով են վերցված, նախարարը նշեց. «Բոլոր վարկային կազմակերպությունների, բանկերի հետ քննարկմամբ է արվում ամեն ինչ»:

Կոնկրետացնելով, թե հատկապես ինչ կերպ են կրճատումներն ազդելու Հյուսիս-հարավ մայրուղու վրա, նախարարը նշեց. «Մենք կաշխատենք գերակատարել մեր պարտավորությունները՝ կախված բյուջետային հոսքերից: Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ այսօր շատացնել մեր վարկային բեռը, թե՞ ոչ»:

Դիտարկմանը` փաստորեն, ավելի նվազ գումարներով հնարավոր կլինի անել այն, ինչի համար նախատեսված էր ավելի շատ գումար, նախարարն արձագանքեց, որ նման բան չի ասում, բայց եթե հնարավոր լինի, այդպես կարվի:

Պատասխանելով հարցին՝ մասնավորի ներգրավումը «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման մեջ արդյո՞ք նշանակում է, որ հետագայում այդ ճանապարհը վճարովի է դառնալու, Մարտիրոսյանը նշեց, որ կարող են լինել հատվածներ, որոնք կդառնան վճարովի: «Որտեղ, որ հնարավոր է այլընտրանքային ճանապարհ, կարող է այդ հատվածում վճարովի լինել ճանապարհը: Հիմնականում երևի լինեն թունելային կամ կամրջային մասերը: Բայց դա դեռ քննարկման ընթացքում է»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ Հյուսիս-հարավ  ավտոճանապարհի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածի կառուցման ավարտը նախատեսվում է մինչև 2019 թվականի սկիզբը:

Խոսելով բաց երկնքի քաղաքականության մասին՝ Մարտիրոսյանն ասաց. «Բաց երկնքի քաղաքականությունը  ցանկացած ավիափոխադրողի առանց պայմանների թռիչքներ կազմակերպելու հնարավորություն է տալիս: Բաց երկնքի քաղաքականությունն արդեն ներդրված է Հայաստանում, հիմա պետք է փորձենք ավիաընկերություններին ներգրավել՝ Հայաստան թռիչքներ կազմակերպելու համար»:

Արձագանքելով դիտարկմանը՝ գները գրավիչ չեն, և վերջերս նախադեպ էլ եղավ, երբ ռուսական ավիաընկերությունը հրաժարվեց թռիչք իրականացնել, նախարարն ասաց. «Ինչ վերաբերում է «Պոբեդա»-ին, գիտեք՝ Գյումրիի օդանավակայանն ավելի լավ պայմաններ է տրամադրում, այդտեղ չկա օդի տուրք և մնացած ուրիշ վճարներ: Ավելի լավ չէ՞ Գյումրին»: