կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-06 13:45
Հասարակություն

Ոստիկանությունն հորդորել է բողոքի ակցիա չիրականացնել, այլապես կոշտ միջոցների կդիմեն. շինարարները սպառնում են փակել Հյուսիս-հարավ ճանապարհը

Ոստիկանությունն հորդորել է բողոքի ակցիա չիրականացնել, այլապես կոշտ միջոցների կդիմեն. շինարարները սպառնում են փակել Հյուսիս-հարավ ճանապարհը

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները օգոստոսի 8-ին հանդիպում  են ունենալու Կառավարության անդամների հետ՝ քննարկելու աշխատակիցների պահանջները։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Ժակշին» ՍՊԸ հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այսօր ինքն ու 25 մնացյալ ենթակապալառուները նախատեսել էին  բողոքի ակցիա իրականացնել` փակելով «Հյուսիս-հարավ» մայրուղու Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը, սակայն ակցիայից մոտ մեկ ժամ առաջ հրավիրվել են տեղի` ոստիկանության Աշտարակի բաժանմունք: Իրավապահ մարմինը հորդորել է բողոքի ակցիա չիրականացնել, այլապես, Հովհաննիսյանի խոսքով` «լրիվ իրավաչափ են մոտենալու, կոշտ միջոցներով»:

Ակցիայի կազմակերպիչը մանրամասնեց նաև, որ հանդիպել են Աշտարակի ոստիկանապետի հետ, էլ նա կապվել է կառավարության հետ. «Մենք հանդիպել ենք նաև մայիսի 31-ին, 45 օր ժամկետ խնդրեցին, որպեսզի մեր հարցը հանգուցալուծվի, բայց արդեն անցել է 67 օր, ու ոչ մի տեսակի հարց չի լուծվել»,- վրդովվեց նա` հավելելով. «Մեր պահանջն է` վճարվեն մեր աշխատավարձերը, բոլոր 25 ենթակապալառուների գումարը»:

Նշենք, որ այս պահի դրությամբ պարտքը կազմում է մոտ 2 միլիարդ դրամ:

Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավի» շինարարության հիմնական կապալառու «Կորսան Կորվիամ» ընկերության հետ կառավարությունը խզել է պայմանագիրը, և այժմ իսպանական ընկերությանը ծառայություններ մատուցած ընկերությունները պահանջում են, որպեսզի կառավարությունը իսպանական կազմակերպությունից հետ պահման և երաշխիքային գումարներից վճարի արդեն 1 տարի չվճարած գումարները։