Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև համագործակցության մասին պաշտոնական հայտարարության և դրանից բխող գործընթացների ուշացումը կարծես թե սկսել է նյարդայնացնել շատերին այնպես, ինչպես համագործակցության գնալու մասին ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից արված նախնական հայտարարությունները։ Գնալով շատանում են համոզված պնդողները, թե ուշացումը նշանակում է, որ երկու ուժերի միջև ինչ-որ բան այն չէ։ Դժվար է հասկանալ՝ հիմա նրանց համար լա՞վ է, որ այդ գործընթացներն ուշանում են, թե՞ վատ։ Որևէ կասկած չկա, որ եթե կողմերը պաշտոնական հայտարարությունն անեին անմիջապես պորտֆելների վերաբաժանման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, անմիջապես ասվելու էր՝ տեսա՞ք, որ ասում էինք՝ սա ընդամենը «բազար» էր պաշտոնների շուրջ։ Մինչդեռ որքան այդ հայտարարությունը, դրա հիման վրա մշակված փաստաթղթի ստորագրումն ուշանում է, այնքան ակնհայտ է դառնում, որ նախ բանակցություններում պորտֆելների վերաբաշխման հարցն ամենահեշտն էր, և որ երակարաժամկետ համագործակցության պայմանների, կառավարման և որոշումների կայացման կոնսենսուսային մեխանիզմների ստեղծման շուրջ համաձայնությունները, որոնք ուղղակիորեն պայմանավորելու են ապագա հնարավոր իշխանության և կառավարման որակն ու արդյունավետությունը, ձեռք են բերվում շատ ավելի մեծ դժվարությամբ, հետևաբար՝ կողմերի համար շատ ավելի կարևոր ու սկզբունքային են։
Իսկ սա խոսում է այն մասին, որ ընթանում է իսկապես քաղաքական գործընթաց, և բանակցությունները կրում են քաղաքական բնույթ՝ ունենալով քաղաքական օրակարգ։ Հարցն այն է՝ ինչ են անում այն ուժերը, որոնք մի կողմից քննադատում են այս համագործակցությունը, մյուս կողմից ավելորդ շտապողականություն և նյարդայնություն դրսևորում` այդ համագործակցության պաշտոնականացումն ուշացնելու պատճառով։ Ո՞րն է նրանց առաջարկած քաղաքականությունը, նրանց առաջարկած այլընտրանքը, հակակշիռը, այս գործընթացը, եթե այն ազգակործան է, քաղաքական օրակարգից հանելուն, իմաստազրկելուն ուղղված գործողությունների պլանը, համակարգը, տեսլականը. «Ազատության» հրապարակում տոնածառ տեղադրելու համար մղվող պատերազմը և ոստիկաններին ոչ համաչափ գործողությունների դրդելուց էյֆորիայի մեջ ընկնե՞լը, թե՞ մարտի 1-ի ողբերգությունը սեփականացնելուն, էժանացնելուն, ընդամենը հանրահավաք անցկացնելու ամենամյա առիթ դարձնելուն ուղղված գզվռտոցները։ Սա՞ է նրանց առաջարկած այլընտրանքային բարոյական քաղաքական պայքարի մակարդակն ու մոդելը, թե՞ սա ավելի բարոյական է համարվում զուտ այն պատճառով, որ իշխանության հետ որևէ կապ չունի։ Գուցե իրական քաղաքականությունն անգամ մեկ հանրահավաք անցկացնելու ժամկետի շուրջ համաձայնության չգալն ու դրանից փոթորիկ բարձրացնե՞լն է։
ՀԱԿԿ անդամ Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ին խորհուրդ է տալիս երկար մտածել` ՀՅԴ-ի հետ համագործակցության գնալիս։ Հիմա ՀՅԴ-ն այդ գզվռտոցներում ու հանրահավաքային ճակատագրական «ճակատամարտերում» չկա, ՀԱԿ-ի, մյուս ուժերի կործանման սպառնալիք չի ստեղծում, դեռ ավելին՝ համագործակցության գնալով իշխանության հետ` այդ ուժերին քաղաքական պայքարի նոր մոտիվացիա է ըստ էության հաղորդում։ Ինչո՞ւ այդ դեպքում, այդ ուժերը, ՀԱԿԿ-ով ու Լևոն Զուրաբյանով հանդերձ, չեն կարողանում վերակառուցվել, կոնսոլիդացվել, չեն կարողանում համոզել հանրությանն իրենց սկզբունքայնության ու հետևողականության մեջ, անգամ սեփական թիմի ամբողջականությունը պահել չեն կարողանում։ Հրանտ Բագրատյանը շատ կոնկրետ բանաձև, քաղաքական բովանդակություն ունեցող գործընթաց է առաջարկել. կազմել ընդդիմադիր կոալիցիա, որը ՀՀԿ-ՀՅԴ ֆորմատին հակակշռելու գուցե լավագույն միջոցն է։ Ինչո՞ւ այդ առաջարկն անգամ քննարկման առարկա չի դարձվում: ՀԱԿ-ի ավանդական անգերազանցելիության ամբիցիանե՞րը թույլ չեն տալիս, գլուխնե՞րը չի վերցնում «մանր-մունր» ուժերի հետ գործակցության գնալու, բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն «անելուց», հետո քաղաքական փակուղուց ճողոպրելու հույսով Սերժ Սարգսյանին հանդիպելու առաջարկ անելուց բացի, քաղաքական միտքն ավելի պայծառ հղացում ունենալու՞ց է զրկվել, թե՞ հայհոյելով սեփական գոյությունն արդարացնելն ամեն դեպքում ավելի նախընտրելի ու հեշտ է։ Անհասկանալի է՝ ո՞րն է սկսվող համագործակցությունը գործարք համարելու տրամաբանության հիմքը. միայն այն, որ գործող իշխանության հետ ցանկացած համագործակցություն աններելի դավաճանությու՞ն է։ Բայց այդ դեպքում հարկ է պատասխանել նախ այն հարցին, թե խոսքն առհասարակ միայն գործո՞ղ իշխանությանն է վերաբերում, թե՞ իշխանություն կոչվածին առհասարակ, կամ իշխանության հատկապես ո՞ր մասին։ Հայաստանում երբեք չի եղել որևէ իշխանություն, որին արդարացիորեն չեն համարել երկրի բոլոր հիմնական խնդիրների պատասխանատուն, եւ որը, գոնե բավարար չափով, հանրային վստահություն է վայելել։ Այս իմաստով՝ ինչո՞վ է սերժսարգսյանական իշխանությունը նախորդներից լավը կամ վատը։ Ոչնչով։ Իշխանությունը միշտ նույն է: Եվ, կասկած չկա, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում հետագա որևէ իշխանության որակ ևս գործողից ու նախորդներից տարբերվող չի լինելու։ Այդ դեպքում ինչո՞ւ է, օրինակ, նախկին իշխանության՝ Լևոն-Տեր Պետրոսյանի, ՀԱԿԿ-ի վերափոխված ՀՀՇ-ի, նախկին իշխանության մաս կազմող ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի հետ համագործակցությունը նորմալ ընկալվում, ՀՀԿ-ի դեպքում՝ աննորմալ։ Փաստորեն նորմալի ու աննորմալի միակ չափորոշիչը տվյալ պահին քաղաքական ուժի իշխանություն լինել-չլինելն է։ Եթե վաղը Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն իշխանություն չլինեն, ուրեմն հանգիստ կարելի՞ է առանց մրոտվելուց վախենալու նրա հետ համագործակցել հաջորդ իշխանությանը ոչնչացնելու համար։
Փաստորեն «պուպուշ» և իսկական ընդդիմադիր դառնալու գլխավոր նախապայմանը իշխանությունից դուրս գալն է։ Սա է ներկայիս հայաստանյան քաղաքականության, քաղաքական պայքարի տրամաբանությունը:
Գևորգ Դարբինյան