Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
5-6 տարեկան էի, մամայի հետ Աբովյան փողոցում, չեմ հիշում` ինչ էինք անում, բայց մեզ մոտեցավ մի կին` մեծ, փետրավոր գլխարկով, ու առաջարկեց համերգի տոմս նվիրել, համերգի, որը րոպեներ անց պետք է սկսվեր: Մաման շնորհակալություն հայտնեց ու հրաժարվեց, բայց կինը չշտապեց հեռանալ` պնդում էր, որ չենք փոշմանի: «Մաեստրոն ինքն էլ է ներկա լինելու»,- ասում էր կինը:
Մաեստրո... Ինչ էլ գեղեցիկ բառ է: Մաեստրո… Քանի որ չհասկացա` ինչ է նշանակում, կախարդական ինչ-որ նշանակություն ունեցավ բառն ինձ համար: «Մաեստրո» բառը կպավ ուղեղիս, ու սկսեցի մամայի ձեռքը քաշել ու նվնվալ, թե` արի գնանք: Ի վերջո, մաման տեղի տվեց:
Կամերային երաժշտության տանն էինք: Բավական չէ առաջին անգամ էի այդ դահլիճում, երկրորդ շարքում էլ նստել էինք: Ինձ օտար էի զգում դահլիճում. բոլորը գալիս, իրար բարևում էին, մեզ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Ավելի ճիշտ` բոլորը գալիս,` առաջին շարքում գտնվողներին բարևում էին, սիրուն-սիրուն խոսքեր ասում, ու ինչքան էլ ժպտալով նայում էի բարևողներին, մեկ է, նկատող չկար:
«Տեսնես` մաեստրոն ո՞վ է»,- անընդհատ մտածում էի ու չէի ուզում մորս հարցնել, ուզում էի այդ պահը /բացահայտումի/ վայելել. հենց ծափահարությունները սկսվեն, մաեստրոն հաստատ բեմ կբարձրանա:
Չգիտես` ինչու, կարծում էի, որ ջութակ է նվագելու մաեստրոն: Հա, մաեստրոն ջութակահար է, հաստատ որոշել էի:
Երկար մտածել չթողեցին, ծափահարությունների շքերթ էր: Բեմ բարձրացավ բարձրախոսով մի կին: Ճիշտ է, գեղեցիկ կին էր, բայց, ախր, հեչ իմ պատկերացրած մաեստրոյին նման չէր: Հուսահատությունից չէի էլ լսում` ինչ է խոսում, բայց հանկարծ նորից սկսեցին ծափահարել, ու բեմ բարձրացավ մի գեղեցիկ երիտասարդ, որն էլի մաեստրոյին նման չէր, չնայած կոստյումով ու փողկապով էր: Չէ, երիտասարդը հաստատ մաեստրոն չէր, քանի որ գնաց ու նստեց դաշնամուրի մոտ: Տարօրինակ երաժշտություն էր նվագում` տարօրինակ հուզիչ: Երևի հուզվել էի, որովհետև մաման նկատողություն արեց. «Ինչի՞ ես լացում, հետաքրքիր չի՞: Բա դո՞ւ չէիր ուզում, որ գայինք: Հիմա չենք կարող դուրս գալ, սպասենք ընդմիջմանը, կոնֆետ կտամ, միայն թե մի\' լացիր»:
Մամային համոզում էի, որ չեմ լացում, բայց հուզվել բառը չգիտեի, որ ասեի, իսկ մաման չէր հավատում, որ չեմ լացում: Մի խոսքով` մի թեթև աղմկեցինք, ու առջևում նստած տղամարդը շրջվեց ու զարմացած մեզ էր նայում: Տղամարդը շատ ցածր ձայնով հարցրեց.
-Բալի\'կս, ինչո՞ւ ես լացում:
-Չեմ լացում,- ասում էի լացելով,- ավելի ճիշտ, չեմ ուզում լացել, բայց լացում եմ:
-Ա՜, երեխան ուղղակի հուզվել է: Հրաշք: Անունդ ի՞նչ է: Արի\' ինձ մոտ, արի\',- ասաց տղամարդը:
Աթոռների տակով մի կերպ սողոսկելով` գնացի ու նստեցի նրա գիրկը, ով այնքան ջերմ էր ժպտում ու յուրահատուկ սիրուն աչքեր ուներ, որոնք նույնպես ժպտում էին: Ամբողջ համերգին ծպտուն իսկ չհանեցի, անհարմար էի զգում, որպեսզի չլացեմ, անընդհատ վերև` առաստաղին էի նայում, բայց տղամարդը հենց այդ ժամանակ ականջիս ասում էր. «Մի\' ամաչիր, հուզվելն ամոթ չի»: Ու մի քանի սիրուն խոսքեր էլ ասում. «Ինչ գեղեցիկ` երկար ու ոսկե մազեր ունես» /այն ժամանակ, իրոք, ոսկեծամ էի/)):
Հիշում եմ նաև, որ երբ, ի վերջո, որոշեցի ռիսկ անել ու մի քիչ ուսումնասիրել տղամարդուն, ում գիրկը նստել էի, տեսա, որ ինքն էլ է լացում, ավելի ճիշտ` հուզվել: Ուրախացել էի, ափսոս, մաման չէր տեսնում: Համերգն անցավ մեկ շնչով, չհաշված` սկզբում մեկ-մեկ շրջվում էի, որ նայեի` մաման հո չի՞ նեղացել, որ ուրիշի գիրկն եմ նստել, ու ինձ թողել-գնացել:
- Մայրիկի՞ն ես նայում,` այստեղ է, այստեղ, -ասում էր տղամարդն ու այտս շոյում ու էլի սիրուն բաներ ասում:- Հրաշք աղջիկ, սիրուն աղջիկ…
Համերգի վերջում հանկարծ սկզբում բեմ բարձրացած կինը հայտարարեց, թե` խնդրենք Տիգրան Մանսուրյանին` մաեստրոյին, բեմ բարձրանալ: Լարված սպասում էի, վերջապես մաեստրոյին կտեսնեմ ու կիմանամ` այդ ո՞վ է, առհասարակ: Տղամարդը հանկարծ ասաց. «Կներես, բալի\'կս, ես հիմա կգամ»:
Մաեստրոն ձյաձյան էր, ում գիրկը նստել էի: Մաեստրոն, բեմում կանգնած, ինչ-որ բան էր խոսում, իսկ ես լացում էի: Չէ, հուզված չէի, լացում էի, որ չէի ճանաչել մաեստրոյին: Մաեստրոյին ինչ-որ նվեր էին տալիս, բոլորը կանգնած ծափահարում էին, իսկ ես, նստած նրա աթոռին, լացում էի: Մաեստրոն բեմից ձեռքով ինձ էր ցույց տալիս ու ինչ-որ բան ասում, նստածները փորձում էին ինձ նայել, աթոռի տակ մտա: Լռություն էր: Մտածում էի, որ ամեն ինչ վերջացավ, երևի գնում են մարդիկ: Հայացքով մամայի կոշիկներին էի հետևում. նստած էր իր տեղում: Հանկարծ հնչեց ինչ-որ երաժշտություն, որի առաջին մի քանի նոտաները կորան ծափահարությունների մեջ: Աթոռի տակից ծածուկ նայեցի` ձյաձյան` մաեստրոն էր նվագում… Հուզվել ու լացում էի միաժամանակ:
***
Այդ օրն այլևս մամայի հետ չխոսեցի: Հենց համերգն ավարտվեց, մաման ձեռքս բռնեց ու դուրս եկանք դահլիճից: Իսկ ես ուզում էի մոտենալ նրան` մաեստրոյին, չգիտեմ` ինչու, բայց ուզում էի գնալուց առաջ նրան մոտենալ, բայց մաման չթողեց. «Ամոթ է, չես տեսնո՞ւմ` ինչքան մարդ է շրջապատել նրան»:
***
Այդ օրը Մանսուրյանը «Կտոր մը երկինք»-ն էր նվագել: Մի օր տանը ֆիլմի ժամանակ լսեցի ու մագնիտոֆոնով կեսը ձայնագրել` հետո լսում էի: Այդ օրվա մասին ինչքան էլ փորձում եմ մամային հիշեցնել, չի ստացվում, չի հիշում, ու վերջ: Այդ օրվանից հետո Մանսուրյանին ինչքան եմ տեսել, արդեն ես չեմ հիշում, բարեբախտաբար` չեմ հիշում:
***
Ծնունդդ շնորհավոր, մաեստրո\', դու միայն առողջ եղիր:
Կարինե Հարությունյան