կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-06 12:04
Հասարակություն

Սեդրակ Մամուլյանը խորհուրդ է տալիս Սուրբ Ծննդյան տոնական սեղանին թելբաց կուբաթի դնել

Սեդրակ Մամուլյանը խորհուրդ է տալիս Սուրբ Ծննդյան տոնական սեղանին թելբաց կուբաթի դնել

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը Yerkir.am-ի հետ զրուցեց Սուրբ Ծննդյան տոնական սեղանի ու լավ տրամադրության կարևորության մասին:

Նրա խոսքով` ավանդաբար, Սուրբ Ծննդյան տոնական սեղանին դրվում է բրնձով քաշովի` քաղցրեղենով, չամիչով, ընկուզեղենով, նաև` ձուկ, խմորեղեն, գաթա: Սակայն սեղանի  առանցքն են չամիչով փլավն ու խաշած ձուկը:

«Ես խորhուրդ կտամ, որ ոչ թե ձուկն ուղղակի խաշեն ու դնեն սեղանին, այլ ձկից կերակուր պատրաստեն: Օրինակ` մի լավ ավանդական ուտեստ կա` ձկից պատրաստվող, կոչվում է թելբաց կուբաթի»,- ասաց խոհարարը և ներկայացրեց պատրաստման եղանակը:

Ձկան ֆիլեն հանում են ոսկորներից, բացում են շերտավոր խմորը, կտրում ձկան  չափով, ու վրան կանաչի լցնում, ըստ ճաշակի` կարող է թարխուն լինել, սամիթ և այլն: Դնում են կտրատած լոլիկ ու տաքդեղ, հետո դնում ձկան ֆիլեն` համեմելով աղով ու պղպեղով: Խմորի մնացած մասից շերտեր են պատրաստում ու ձկան վրա ցանց պատրաստում: Վերջում շերտերի եզրերը ամրացնում են ձկան տակի խմորին: Ցանցի վրա մի քիչ ձվի դեղնուց են քսում ու դնում ջեռոցը: Բանջարեղենի ու կանաչիի համը կպչում  է ձկանը, և շատ համեղ ուտեստ է ստացվում:

«Ուզում եմ ասել, որ խոհանոցում դոգմաներ չպետք է լինեն: Խոհանոցը, առհասարակ, ստատիկ վիճակ չի հանդուրժում: Հասկանում եմ, որ կան ծիսական կերակուրներ, բայց նաև նորություններ են պետք, որովհետև այդ ամենը հետագայում թափանցում է հանրային սննդի օբյեկտներ: Հասարակության մեջ արմատացել է` եթե ձուկ, ապա միայն խաշած վիճակում: Գնում ես ռեստորաններ, նույնն է, հիմնականում` խորոված, քաբաբ, խաշած ձուկ, տապակած ճուտ, և որևէ խոհարարական աշխատանք չկա:

Աշխատանք չեն անում ձկան վրա, բայց չէ՞ որ մեր խոհանոցը բազմազան է: Ամենակարևորը` թե՛ Ամանորին, թե՛ Սուրբ Ծնունդին տոնը մեզ պետք է ոչ թե նյութական լարվածություն ու հոգս պարգևի, այլ հոգևոր բավարարվածություն: Մենք անպայման պետք է տոնին մոտենանք լավ տրամադրությամբ: Անցածն ամփոփելիս այն պետք է համարել անցյալ և նոր հույսերով դիմավորել Նոր տարին»,- ասաց Մամուլյանը:

Մեր հարցին` ճի՞շտ են ավագ սերնդի ներկայացուցիչների պնդումներն այն մասին, որ նախկինում ավելի ուրախ էր անցնում Նոր տարին, քան հիմա, Սեդրակ Մամուլյանը պատասխանեց. «Այո, կա նման բան, որ անցյալում մարդիկ ավելի ուրախ էին դիմավորում Նոր տարին, հիմա ` ոչ : Գուցե սոցիալական դժվարություններն ու սոցիալական շերտավորումներն ավելի արտահայտիչ են դարձել, դրա համար է այդպես: Այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ թե՛ հասարակարգը, թե՛ ղեկավարները, բոլորն անցողիկ են: Մենք այս երկրում պետք է ապրենք, բոլորս այն պետք է հավասարը հավասարի պես տոնենք ու վայելենք լավ տրամադրությունը: Գոնե պետք է հաջորդ տարի մտնենք բարի կամքով ու տրամադրությամբ, չարը մերժենք, բարեհամբույր լինենք: Փողոց ես դուրս գալիս, օդում կախված է մի տեսակ չարություն, ընկճվածություն, անտարբերություն: Կխնդրեի, որ բոլորս փողոցում ժպտանք միմյանց: Ինձ հետ այդպիսի մի զավեշտալի իրավիճակ է պատահել, երբ քայլելիս «բարի լույս» էի ասում նրան, ում տեսնում էի, և մի մարդ ասաց. «Բայց դու ինձ ճանաչում ե՞ս, որ բարևում ես»: Ասացի. «Եղբա՛յր, առավոտյան իրար տեսել ենք, «բարի լույս» ենք ասում»: Վստահ եմ, որ այդ մարդը հոգսերի մեջ էր, բայց ժպտանք իրար, բայց հոգով ժպտանք, ոչ թե` կեղծ, իրար կողքի լինենք, չէ՞ որ դժվար պահերին հայերը միշտ միասին են եղել ու, իրար օգնելով, տարել այդ դժվարությունները, ուրեմն ի՞նչն է խանգարում, որ ժպտանք: Մեր երկիրն է, ու մենք պետք է կառուցենք այն, մեր հայրենաշինության հզոր շենքին ամեն մեկս մեր կարողության չափով պետք է մի քար ավելացնենք»,- ասաց Սեդրակ Մամուլյանը: