կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-06 14:42
Առանց Կատեգորիա

«Ոչ» ասողների «այո»-ն

«Ոչ» ասողների «այո»-ն

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Տրամաբանում ենք, որ այս մոտեցումը ոչ միայն հարգարժան Կարապետյանի անձնականն է, այլև կուսակցությանը, որը, կրկին տրամաբանում ենք, սահմանադրական փոփոխությունների նման կարեւոր հարցի հետ կապված եթե ոչ կուսակցական համագումար, ապա առնվազն քաղխորհրդի նիստ է գումարել, ինչի արդյունքում էլ որոշվել է, որ «Նոր ժամանակները» դեմ է սահմանադրական փոփոխություններին:

Ամեն բան հենց այսպե՞ս է եղել, թե՞ ոչ, էական չէ: Մարդը կամ կուսակցությունը հստակ դիրքորոշում ունի, եւ անկախ նրանից, թե որքանո՞վ է ճիշտ կամ սխալ այդ դիրքորոշումը, միայն դրա առկայությունը գովելի է:

Բայց խնդիրն այն է, որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները, այդ թվում` Արամ Կարապետյանը, խոսում են միայն նրանից, թե որքանով են վատը այդ փոփոխությունները, եւ այն մասին, թե ինչ սարսափելի հեռանկար կբացվի մեր առջեւ, եթե դեկտեմբերի 6-ին «այո» ասենք փոփոխություններին:

Մինչդեռ՝ եթե որեւէ մեկը դեմ է սահմանադրական փոփոխություններին, պետք է ոչ թե այդ փոփոխություններից խոսի՝ քննադատելով դրանք, այլ փորձի ներկայացնել գործող Սահմանադրության առավելությունները, այն պահպանելու հիմնավորումները տա, քանի որ տրամաբանական է, եթե դեմ ես սահմանադրական փոփոխություններին, ուրեմն կողմ ես գործող Սահմանադրությանը:

Նույն Արամ Կարապետյանն, օրինակ, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, պատկերացնո՞ւմ եք, որքան ՎԱՏՆ են սահմանադրական փոփոխությունները, որ դրանց մասին կարելի է խոսել միայն ՀՈՂԱՐԿԱՎՈւՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ժամանակ»: Պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ կամ ո՞ւմ «հողարկավուրությունը» նկատի ունի հարգարժան Կարապետյանը, այսինքն՝ ո՞ւմ հուղարկավորությանն է ինքը ներկա եղել, որտեղ լսել է, թե ինչպես են խոսում սահմանադրական փոփոխությունների մասին, բայց նշենք, որ այդ փոփոխությունների մասին կարելի է ամեն տեղ էլ խոսել:

Առհասարակ «կարելի է» բառը շատ ընդհանուր բան է նշանակում, ասենք՝ եթե ես իմ տանը խոսեմ սահմանադրական փոփոխություններից, ինչն, ի դեպ, կարելի է, ապա կստացվի, որ Արամ Կարապետյանը ճիշտ չի ասում, երբ պնդում է, թե այդ փոփոխությունների մասին կարելի է խոսել ՄԻԱՅՆ հուղարկավորությունների ժամանակ: Եվ, քանի որ այդ փոփոխությունների մասին ես կարող եմ խոսել իմ տանը, Փարիզում, ռուսական Պետդումայի շենքի դիմաց, Վաշինգտոնի Սպիտակ տան հարակից փողոցում, վերջապես` Տավուշի մարզի չքնած բնությամբ պարուրված գյուղում, կնշանակի, որ այդ փոփոխությունները, ըստ Արամ Կարապետյանի տրամաբանության, ՎԱՏԸ չեն, եթե չասենք` ԼԱՎՆ են:

Իսկ թե ինչո՞ւ չի խոսվում գործող Սահմանադրության մասին, եւ ինչո՞ւ այդ մասին չեն խոսում փոփոխություններին դեմ հանդես եկողները շատ պարզ է. բանն այն է, որ նրանք եւս «այո» են ասում, բայց` գործող Սահմանադրությանը, որի օրոք, սակայն, ժողովո\'ւրդ ջան, ունենք միահեծան իշխանություն եւ մեկ անձի շուրջը ձեւավորված պետական համակարգ: 

Հովիկ Աֆյան