|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ԱԺ-ին բյուջեով հատկացված գումարների մեծ մասը կազմում են աշխատավարձերը: Նա հիմնավորված համարեց ԱԺ-ի իրականացրած բոլոր ծախսերը:
Անդրադառնալով գործուղումներին՝ Թովմասյանը նշեց, որ իրենք հնարավորինս սեղմ կազմով են մեկնում, և ինքնաթիռում միայն ԱԺ նախագահն է օգտվում առաջին կարգի տեղից, մնացածները զբաղեցնում են էկոնոմ տեղերը:
Ինչ վերաբերում է արտերկրում հյուրանոցային ծախսերին, Հրայր Թովմասյանի խոսքով, ԱԺ նախագահը վերջին գործուղման ժամանակ մնացել է չորս աստղանի հյուրանոցում:
Լրագրողները հարցրեցին նաև ծառայողական մեքենաների վերանորոգման ծախսերի մասին՝ կարծիք հայտնելով, որ դրանք շատ ուռճացված են: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ հաճելի չէ, երբ ինչ-որ հյուրի են դիմավորում, և մեքենան ճանապարհին խափանվում է: «Եղել են դեպքեր, երբ ԱԺ նախագահին ուղեկցողի մեքենան է խափանվել»,- ասաց նա:
Լրագրողները հարցրեցին՝ արդյո՞ք բացակայող պատգամավորները շարունակում են աշխատավարձ ստանալ: ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվում, մասնավորապես՝ ամեն բացակայությունից գանձվում է 30.000 դրամ:
Հարցին` Գագիկ Ծառուկյանը որքա՞ն աշխատավարձ է ստանում, պատասխանեց՝ նա աշխատավարձ չի ստանում, որովհետև բացակայությունների համար նրանից էլ են պահումներ արվում: