կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-25 13:25
Առանց Կատեգորիա

Սահմանամերձ գյուղերի վրա կրակում են… ոչ միայն ադրբեջանցիները

Սահմանամերձ գյուղերի վրա կրակում են… ոչ միայն ադրբեջանցիները

Երեկ երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի սահմանամերձ գոտում դարձյալ անհանգիստ է, մենք երեք զոհ ունենք, մի քանի վիրավոր, բոլորն էլ` քաղաքացիական անձինք, հասկանալի է` այս լուրը դարձավ օրվա գլխավոր թեման: Շատերը դարձյալ բացականչեցին` պատերազմ է, ընդ որումէ ձայնի այնպիսի տոնայնությամբ, կարծես բոլորիս երազանքն է, որ պատերազմ լինի: Ոմանք էլ շատ հանգիստ տոնով սկսեցին բացատրական աշխատանք տանել` եթե պատերազմ է, բա մենք այստեղ ի՞նչ ենք անում:

Իրականում, եթե անգամ Տավուշի մարզի երեկվա իրադարձությունները պատերազմ են, ապա միայն նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ է պատերազմը, երանի հնարավորություն էլ չունենան իմանալու: Այո, ադրբեջանական կողմը կրակել է, այդ թվում` ականանետներից, այո, մենք զոհեր ունենք, այո, նրանք քաղաքացիական անձինք են: Բայց սա նորությո՞ւն է, հենց երե՞կ եղավ, նախադեպ չունի՞…

Հասկանալի է, որ խնդիրը ոչ թե բուն երեկվա դեպքերն են, այլ նման դեպքերի պարբերականությունը: Հասկանալի է, որ հասարակության հայրենասեր հատվածը պետք է առնվազն «Ֆեյսբուք»-ում` «հասնինք Սասուն, մտնինք Վան» բնույթի ստատուսներ գրի, իսկ ավելի հայրենասեր հատվածը անգամ «Ֆեյսբուք»-ում կարեւորի իր յուրաքանչյուր բառի արժեքը, հատկապես` հնարավոր ազդեցությունը: Հասկանալի է նաեւ, որ եթե մենք պատերազմ չենք ուզում, իսկ դա այդպես է, ապա պետք է որոշակի սառը տեղ պահենք մեր տաք հայրենասիրությունը, քանի որ հայրենասիրությունը պետք է գալիս միայն պատերազմելիս, սակայն նպաստում է պատերազմների կայացմանը:

Այս պատմության հերոսները պառավաքարցիները, բաղանիսցիները, բերդավանցիներն են` սահմանամերձ գյուղերի բնակիչները: Այս մարդիկ հերոս են  ե\'ւ այն օրերին, երբ ադրբեջանական կողմը չի կրակում, ու նրանք հանգիստ, բայց զգույշ իրենց սահմանամերձ դաշտերն են գնում` աշխատելու, ե\'ւ այն օրերին, երբ ադրբեջանական կողմը կրակում է ուղիղ նրանց տների վրա, տներ, որոնք նրանք չեն լքում: Եթե նրանք այնտեղ չապրեին, այդ տեղերը հող կլինեին, ոչ թե հայրենիք:

Այսօր եւ վաղը այս մարդիկ էլի են գնալու իրենց դաշտերը, վերակառուցելու են իրենց գնդակոծված տները, իրենց երեխաներին դպրոց են տանելու, հաց են ուտելու, հացի սեղանի շուրջ երգ են երգելու, ամուսնանալու են, նոր երեխաներ են ունենալու, նրանց համար նոր տներ են կառուցելու` իրենց տների կողքին… Իսկ մենք ասում ենք` պատերա՞զմ է: Այո, երեկ Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավանը նաեւ գնդակոծվել է, բայց հենց երեկ Նոյեմբերյանում բացվել է Բարի մարդու արձանը…

Եկեք չկրակենք այդ գյուղացիների ուղղությամբ, նրանց ուղղությամբ առանց այդ էլ կրակողներ կան: Խոսքն ամենեւեին էլ մտահոգություն հայտնելու մասին չէ, խոսքն անգամ պետական գերատեսչություններից պետական գերատեսչություն լինելու պահանջի մասին չէ, խոսքն ընդամենը այն մասին է, որ սահմանին ապրողները, ի տարբերություն մեզ`քաղաքաբնակներիս, գիտեն, որ պատերազմ չէ, քանի որ գիտեն, թե ինչ է պատերազմը:

Հովիկ Աֆյան

Հ.Գ.-Սովետական տարիներին Լեռնային Ղարաբաղի Գյուլիստան գյուղում /այժմ Ադրբեջանի կողմից օկուպացված/ կոլտնտեսության նիստ է լինում: Գյուղացիներից մեկը ցանկանում է ելույթ ունենալ, բայց շրջանից եկած ղեկավարը թույլ չի տալիս.

-Քաղաքացի\', դե սպասի\'ր, մի\' խոսիր:

Գյուղացին բորբոքվում է եւ ասում.

-Ա հինգեր, քաղաքացին տյու ես է, ես չեմ: Վար քաղաքացի ինի ես էլ քեզ նման չաքմա-կալոշ կեցած կինի…