Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-09-09 17:40
Առանց Կատեգորիա

Նոր սադրանք` Ղրիմից

Նոր սադրանք` Ղրիմից

Նախօրեին ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը պաշտոնական այց է կատարելու Հայաստան: Այդ մասին Ղրիմի կառավարության նիստում հայտնել էր Ռուսաստանի նախագահին առընթեր` Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը: Ըստ այդմ` Աքսյոնովը Հայաստան է գալու` միջտարածաշրջանային ինչ-որ համաժողովի մասնակցելու, որտեղ նաև Ղրիմի մասին ստենդ է ներկայացված լինելու:

Սույն տեղեկատվությանը պաշտոնապես որևէ արձագանք չի հնչել ո\'չ Երևանից և ո\'չ էլ Մոսկվայից, ինչն ավելի է մեծացնում ինտրիգը հնարավոր այցի շուրջ: Ուշագրավ է երկու հանգամանք: Նախ` տեղեկատվությունը տարածվում է Ղրիմում ՌԴ նախագահի ներկայացուցչի անունից, ինչը չի կարող զուտ թյուրիմացության արդյունք լինել, առավել ևս` երբ ո\'չ Մոսկվան, ոչ\' էլ Մուրադովը հերքմամբ հանդես չեն գալիս: Սա նշանակում է, որ այցի կայանալը խիստ իրատեսական է, և որ այն, հնարավոր է տեղի է ունենում Կրեմլի գիտությամբ, եթե ոչ` ցուցումով: Երկրորդ` հատուկ ընդգծվում է, որ այցը լինելու է պաշտոնական: Այսինքն` Աքսյոնովը Հայաստան է գալու բոլորովին էլ ոչ որպես զբոսաշրջիկ, և նրան ընդունելու են պաշտոնական այցի արարողակարգին համապատասխան: Սա, իր հերթին, նշանակում է, որ նրան ընդունելու են բարձր մակարդակով, այսինքն` որպես միջազգայնորեն չճանաչված ՌԴ դաշնային սուբյեկտ հանդիսացող Ղրիմի Հանրապետության ղեկավար:

Եթե ճիշտ է այցի մասին տեղեկատվությունը, ապա Հայաստանը, Աքսյոնովին պաշտոնական մակարդակով ընդունելով, գրեթե պաշտոնապես ճանաչում է Ղրիմի կցումը Ռուսաստանին` հակադրվելով ողջ միջազգային հանրության դիրքորոշմանը: Հատկանշական է, որ Աքսյոնովը, դատելով վերոնշյալ տեղեկատվությունից, Հայաստանից բացի, այդ ընթացքում այցելելու է նաև Աբխազիա: Սա խորհրդանշական է այնքանով, որ, փաստորեն, Հայաստանը և Աբխազիան դիտարկվում են որպես մեկ հարթության վրա գտնվող, նման այցերի համար նույնքան մատչելի երկրներ:

Եթե Աքսյոնովի այցի մասին ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանը հայտնվում է չափազանց անհարմար, եթե չասենք` անելանելի վիճակում, իսկ ինքնին նման այցի նախաձեռնումը հիշեցնում է Հայաստանին պատին սեղմելուն ուղղված պրովոկացիոն քայլ: Խնդիրն այն է, որ Ղրիմը Աբխազիա կամ Հարավային Օսիա չէ և Մոսկվայի կողմից համարվում է Ռուսաստանի տարածք: Այսինքն` եթե Երևանը Աբխազիայի կամ Հարավային Օսիայի դեպքում կարող է հանգիստ հայտարարել, որ չի ճանաչում դրանց անկախությունը, Ղրիմի ղեկավարի այցի մերժումը նշանակելու է, որ Ռուսաստանին Ղրիմի կցումը համարում է ոչ օրինական: Հետևաբար` խնդիրը շատ պարզ է` կունենա՞, արդյոք, Երևանը Աքսյոնովի այցը չեղարկելու կամ առնվազն նրան պաշտոնապես չընդունելու  համաձակությունը, թե՞ ոչ:

Չի բացառվում, որ հենց այդ հարցը պարզելու նպատակով էլ նախաձեռնվել է Աքսյոնովին Երևան «գործուղելու» օպերացիան, որի իմաստը Ռուսաստանին Հայաստանի հավատարմության աստիճանը պարզելն է, կամ Երևանից կոնկրետ գործողությամբ այդ հավատարմության խոստովանությանը հասնելը` ի հեճուկս Ղրիմի իշխանությունների նկատմամբ կիրառվող միջազգային սանկցիաների:

Ի դեպ, սա նմանատիպ առաջին փորձը չէ: Նախորդ տարի ռուսական աղբյուրները տեղեկատվություն էին տարածել, թե նախատեսվում է ստեղծել Երևան-Ղրիմ ուղիղ ավիաչվերթ, այն դեպքում, երբ միջազգայնորեն դա համարվում է Ղրիմի դեմ կիրառվող պատժամիջոցների խախտում: Նույնիսկ տեղեկատվություն եղավ, որ այդ չվերթը սպասարկելու է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին պատկանող մի ավիաընկերությունց: Թեև երկար ժամանակ այս տեղեկատվությունը որևէ մեկնաբանության չէր արժանանում, Երևանի կողմից, այնուամենայնիվ, հերքվեց, այսինքն` Երևանին հաջողվեց տապալել այդ նախաձեռնությունը:

Այս անգամ, սակայն, օղակն ավելի սեղմված է թվում, որովհետև խնդիրը վերաբերում է ոչ թե երկրորդային իրողությունների, այլ ուղղակիորեն Ռուսաստանին Ղրիմի կցումը ճանաչելու կամ չճանաչելու երկընտրանքին: 

Առանցքային է այն հարցը, թե ի՞նչ միջտարածաշրջանային համաժողովի կազմակերպման մասին է խոսքը, ո՞վ է այն նախաձեռնել, ինչո՞ւ է այնտեղ նախատեսվել Ղրիմի ստենդի ներկայացումը, ո՞վ է այդ համաժողովի նախաձեռնողն ու կազմակերպողը, և ամենակարևորը` որքանո՞վ պաշտոնական Երևանն առնչություն ունի դրա հետ: Չափազանց տարօրինակ է, որ Հայաստանում կազմակերպվելիք համաժողովի մասին տեղեկատվությունը հայաստանյան հասարակությունն առաջինը ստանում է, ոչ ավելի, ոչ պակաս, Ղրիմից: Առավել ևս, երբ պետական որևէ գերատեսչություն նման նուրբ, Հայաստանի հեղինակության հարցը շոշափող տեղեկատվությունը չի ցանկանում մեկնաբանել կամ պարզաբանել: Գոնե այդքանն անելու ունակություն, ի վերջո, կա՞, թե՞ ոչ...

Գևորգ Աղաբաբյան