Արմենակ Հայրանյանի պատմությունը
1881 թ., Տիվրիկ
Աղբյուրը` armenianegenocide100
Արմենակ Հայրանյանի պատմությունը
1881 թ., Տիվրիկ
1915 թ. մայիսին բժիշկ Արմենակ Հայրանյանը, բժիշկ Բաղդասար Վարդանյանը և ոստիկանական բժիշկ Մագսուտը ձերբակալվել են ու բանտարկվել: Մայիսի 27-ին, նրանց խիստ ծեծի և տանջանքների ենթարկելուց հետո, ձեռքերը կապած տարել են Յենիխանից 2 ժամ դեպի հարավ-արևմուտք, Իթ Տաղըի ստորոտում՝ Իթ Մեզարը կոչված վայրը (Սեբաստիայի մոտակայք) և Սեբաստիայի ջարդարար նահանգապետ Մուամմերի հրահանգով, թուրք ոստիկան-զինվորների ձեռքով գնդակահարել ու թաղել: Ոճրագործությանը ներկա են եղել Իթթիհատի պատասխանատուներից Ալի Շեֆիքը և Փերթև բեյը, որոնք նաև լուսանկարել են դեպքը: Արմենակ Հայրանյանը եղել է 34 տարեկան:
Ծնվել է 1881 թ., Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Տիվրիկ գավառակի կենտրոն Տիվրիկ ավանում՝ բարեկեցիկ ընտանիքում:
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի վարժարանում: 1908 թ. ավարտել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի բժշկական համալսարանը:
1908-09 թթ. Գերմանիայի Բեռլին մայրաքաղաքում մասնագիտացել է վիրաբուժության գծով:
«Տօքթ. Ա. Հ.» ծածկանունով հրապարակախոսական հոդվածներ է տպագրել է Կ. Պոլսի «Ազատամարտ» (1909, թ. 158; 1911, թ. 376) և «Ազատամարտ, Հավելված» (1910-1911 թթ.) թերթերում:
1913 թ. ընտանիքը թողնելով Բեռլինում, վերադարձել է հայրենի Տիվրիկ՝ ծանր հիվանդ մորը բուժելու համար: Այստեղ սկսել է բուժել նաև իրեն դիմած համաքաղաքացիներին: Հետագայում աշխատել է Սեբաստիայում: Եղել է դաշնակցական գործիչ, ՀՅԴ Սեբաստիայի կենտրոնական կոմիտեի լավագույն դեմքերից մեկը:
1914 թ., Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ ծառայել:
Լավ հարաբերություններ է հաստատել Սեբաստիա եկած գերմանացի մարզիչ սպաների հետ և եղել նրանց թարգմանիչը: Օգտվելով այդ մտերմությունից և հույսը դնելով գերմանացիների պաշտպանության վրա, համարձակ դիմումներ է գրել Սեբաստիայի ջարդարար նահանգապետ Մուամմերին՝ իր ձերբակալված ընկերներին ազատելու պահանջով:
Բժիշկը լուր է ստացել, թե հայդուկ Սեբաստացի Մուրատը Սախարի լեռան վրա ժանտախտով ծանր հիվանդ է և անհետաձգելի բուժման կարիք ունի:
Ընկեր վերցնելով բժիշկ Բաղդասար Վարդանյանին՝ Արմենակ Հայրանյանը գաղտագողի բարձրացել է սարը և ծանր հիվանդ Մուրատին գտել է մութ ու խոնավ քարայրում: Բժիշկներն անհրաժեշտ բուժումը նշանակել են նրան, դեղեր տվել և վերադարձել: Մի քանի օրից Մուրատը լավացել է:
1915 թ. մայիսին բժիշկ Բաղդասար Վարդանյանը, բժիշկ Արմենակ Հայրանյանը և ոստիկանական բժիշկ Մագսուտը ձերբակալվել են ու բանտարկվել:
1915 թ. մայիսի 27-ին, Բ. Վարդանյանին, Ա. Հայրանյանին և Մագսուտին խիստ ծեծի և տանջանքների ենթարկելուց հետո, ձեռքերը կապած տարել են Յենիխանից 2 ժամ դեպի հարավ-արևմուտք, Իթ Տաղըի ստորոտում՝ Իթ Մեզարը կոչված վայրը (Սեբաստիայի մոտակայք) և Մուամմերի հրահանգով, թուրք ոստիկան-զինվորների ձեռքով գնդակահարել ու թաղել:
Ոճրագործությանը ներկա են եղել Իթթիհատի պատասխանատուներից Ալի Շեֆիքը և Փերթև բեյը, որոնք նաև լուսանկարել են դեպքը: Եղել է 34 տարեկան:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 194–196: