Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ առաջիկա քառօրյա նստաշրջանում քննարկվելու է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում են կուսակցությունների գույքի կառավարման հետ կապված փոփոխություններ: Հարցը քննարկվում էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` օրենքները դարձյալ հապշտապ են բերվում ու պարտադրվում, որ շտապ` 24-ժամյա ռեժիմում քննարկվեն ու ընդունվեն:
Զեկուցող` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը առաջարկեց նախագիծը քննարկել ու փոփոխությունները իրականացնել 24-ժամյա ռեժիմում: Նա նշեց, որ խնդիրը միայն այն է, որ ուզում են փոփոխություններն ընդունվեն մինչ ԱԺ ամառային արձակուրդ գնալը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հավելեց. «Կարող է ամռան ընթացքում ինչ-որ մեկն ուզում է գույք նվիրաբերել ինչ-որ կուսակցության: Արագացված ռեժիմում որևէ խնդիր չկա, որովհետև կուսակցությունները` նաև մարզերում, ունեն ձեռք բերված գույք, որը տնօրինում են տարիներով, բայց իրավական առումով չեն կարողանում դրանք սեփականաշնորհել»:
Ալեքսանդր Արզումանյանը պնդեց. «Սա այն հարցը չէ, որ պետք է հապշտապ ընդունվի»:
Հանձնաժողովի նախագահ` ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանն էլ հիշեց ժողովրդական խոսքը` «Ամեն ինչ լավ է, բայց ուզում եմ հասկանալ` որտե՞ղ են ուզում մեզ «քցեն»»:
Արծվիկ Մինասյանն արձագանքեց` ասելով, որ որևէ մեկին «քցելու», խաբելու խնդիր նախագիծը չի հետապնդում, այլ ուզում են հասցնեն մինչև ամառային արձակուրդներն այն ընդունել, և որ պետք չէ այլ բաներ փնտրել: Նա հավելեց, որ փոփոխությունների կարևորությունը այն է, որ սա հնարավորություն է տալիս կուսակցություններին օրինականացնելու իրենց կողմից տնօրինվող գույքը:
Արզումանյանը շեշտեց. «Ես վստահ եմ, որ այստեղ այլ խնդիր է, դրա համար այսպես շտապ են բերում. գուցե ինչ-որ կուսակցություն գույքը սեփականացնելու խնդիր ունի: Երկու տարի է` ՀԿ-ների մասին օրենքը չենք կարողանում բերել ավարտին, իսկ սա ինչո՞ւ պետք է շտապենք: Որովհետև կա մի կուսակցություն, որ ուզում է գույքը սեփականաշնորհել»:
Արծվիկ Մինասյանն էլ հորդորեց գործընկերներին` ամեն ինչին սև ակնոցներով չնայել, իսկ եթե ուզում են համակարգային փոփոխություններ, ապա թող բերեն այդ փոփոխությունները: «Նենց եք ներկայացնում, կարծես ինչ-որ առանձին խմբերի համար սա կարևոր է...»,- ասաց նա: