Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին:
«Ավետիք Բուդաղյանի սպանությունը ակնհայտ դարձրեց Սուրիկ Խաչատրյանի կողմից ղեկավարվող զինված խմբի գործունեությունը, որը տարիներ շարունակ հարձակում է գործել մարդկանց եւ կազմակերպությունների վրա, զրկել նրանց սեփականությունից, կյանքից եւ պատճառել նրանց առողջական եւ այլ բնույթի վնասներ:
Ավետիք Բուդաղյանի սպանությունը թողնելով անպատիժ եւ անօրինական կերպով մեղադրելով Արտակ Բուդաղյանին` այսօր ունենք հետեւանք, որ այս տարվա մայիսի 2-ին Սուրիկ Խաչատյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծից մարմնական վնասվածք ստացվան երիտասարդներ` Հարություն եւ Մուշեղ Զաքարյանները»,- ասաց Փոստանջյանը` հայտարարելով, որ գնահատում է Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը որպես Սերժ Սարգսյանի իշխանության ներքո գտնվող ապօրինի խմբակի կողմից գաղտնի, անդրկուլիսային հանցավոր պայմանավորվածությունների հետեւանք:
«Գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանին եւ նրա մերձավորների կողմից տարբեր հանցագործությունների կատարման վերաբերյալ` հրաձգություններից մինչեւ սպանություն, հրապարակված փաստերին քրեաիրավական ընթացք չտալը որպես հասարակության եւ պետականության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսեւորում»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով` հաշվի առնելով այն, որ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել իրավական եւ ՀՀԿ-ի կողմից քաղաքական գնահատականի, «դատապարտում ենք ՀՀ դատաիրավական համակարգի անգործությունը, դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը»: