կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-28 15:09
Քաղաքական

Հատուցման մեխանիզմը ապագայի հարց է

Հատուցման մեխանիզմը ապագայի հարց է

«Ժամանակ» թերթի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

- Պարոն Վարդանյան, Սերժ Սարգսյանն անցած շաբաթ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա»: Մինչդեռ նա հունվարի 29-ին հրապարակված հռչակագրում հղումներ էր արել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին և Սևրի պայմանագրին, որտեղ տարածքային խնդիրներ կային: Ինչպե՞ս եք բացատրում այս հակասությունները:

 

- Չեմ կարծում, որ հակասություն կա: Նախագահն ասել է այն, ինչ մեր պետականության առաջին շրջանում ասել են մեր պետական բոլոր առաջին դեմքերը: Այն, որ այսօր մեր օրակարգում նման հարց չկա: Իսկ հռչակագիրն ամրագրել է մեր բոլոր այն հիմնարար փաստաթղթերը, որոնք առնչվում են այս խնդրին: Դա չի նշանակում, որ հենց այսօր է այդ հարցը լուծելու ժամանակը: Կրկնում եմ, որ նախագահն ասել է այսօրվա պետական օրակարգի մասին, և դա նորություն չէ: Բայց կա հետևյալը՝ ակնհայտ է, որ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը զրկվել է լիարժեք կենսագործելու իր հնարավորությունից: Իսկ համընդհանուր ճանաչումից և Թուրքիայի ճանաչումից հետո խնդիր է դրվելու կենսագործելու հայ ժողովրդի իրավունքները: Թե ինչ մեխանիզմ դա կլինի, ինչ մանրամասներ կլինեն, ինչ փաթեթ կլինի` դա ապագայի խնդիրն է: Ես կարծում եմ` ճիշտ է, որ մենք այսօր խոսենք աշխարհի կողմից ընդհանուր ճանաչման մասին, և որի արդյունքում ակնկալենք, որ Թուրքիան ևս, ի վերջո, կճանաչի ու կդատապարտի իր նախորդների կատարած ոճրագործությունը: Ես կարծում եմ, որ սա առաջին հերթին պետք է հենց թուրք ժողովրդին: Ես նաև վստահ եմ, որ Թուրքիայի ղեկավարությունն իր մտածողությամբ առաջիկայում նման հույս չի տալիս, բայց ժամանակները փոխվում են, ժամանակները բերում են իրենց կարգավորումները, և այդ օրը ևս գալու է:

 

- ՀՅԴ-ն համաձա՞յն է Ս. Սարգսյանի այն հայտարարության հետ, որ մենք հիմա Թուրքիայից տարածքային պահանջ չունենք:

 

- Նախագահն ասել է, որ այսօր մենք մեր օրակարգում հողային պահանջներ չունենք: Դրա հետ համաձայն ենք: Այսօր մեր պետական օրակարգում նման հարց դրված չէ, բայց ՀՅԴ-ի մոտեցումը հետևյալն է, որ երբ ճանաչումն ընդհանուր կլինի, կլինի նաև Թուրքիայի կողմից, ապա պետք է քննարկվեն հայ ժողովրդի կենսագործունեությունն ապահովող հատուցման մեխանիզմներ, որոնց մանրամասները այսօր դժվար է քննարկել:

 

- Այսինքն` եթե Ս. Սարգսյանն ասել է, որ այսօր նման պահանջներ չկան, ապա դա չի նշանակում, որ ապագայում չեն կարող լինել:

 

- Դա չի նշանակում, որ ապագայում չեն կարող լինել: Խոսքը վերաբերում է պետական քաղաքականությանը, բայց հայ ժողովուրդը ունի իր իրավունքները, անժամանցելի իրավունքները, և դրանք մի օր դրվելու են սեղանին:

 

- Ս. Սարգսյանը նաև հայտարարել է, որ եթե Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, ապա Հայաստանը նույնպես կգնա այդ քայլին: Մինչդեռ ՀՅԴ-ն դեմ է այդ արձանագրություններին ընդհանրապես:

 

- Այդ խնդիրը տեսական ոլորտից է, որովհետև Թուրքիան այդ քայլին չի գնա: Մենք՝ ՀՅԴ-ն, նախապայմանների պատճառով դեմ ենք այդ արձանագրություններին, դրանց բովանդակությանը: Եվ եթե նախագահը դա ասում է զուտ տեսականորեն, հաշվի առնելով, որ Թուրքիան այն չի վավերացնելու՝ դա մի խնդիր է, բայց Հայաստանի կողմից այդ արձանագրությունները վավերացնելուն մենք դեմ ենք: Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ նախագահը խորհրդարանից պետք է ետ կանչեր ոչ թե արձանագրությունները, այլ ընդհանրապես Հայաստանի ստորագրությունները: Վստահ ենք, որ այդ ժամանակը ևս գալու է:

 

- Իսկ չե՞ք կարծում, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ գերտերությունների ակտիվությունը՝ մասնակցությունը, հայտարարությունները հուշում են, որ Թուրքիան կարող է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ քայլ կատարի:

 

- Ի վերջո, սա նշանակալից տարելից էր, 100-ամյա տարելիցն էր: Աշխարհում իսկապես բան փոխվեց: Վերջին շաբաթներին կարծես թե միջազգային բոլոր առաջատար լրատվամիջոցների թիվ մեկ թեման հենց դա էր: Եվրախորհրդարանի բանաձևը, Վատիկանում Հռոմի պապի պատարագը և ելույթը, այս ամենն, իհարկե, ազդում են աշխարհի վրա: Իհարկե, գերտերությունները, տարբեր երկրներն այս հարցում ևս երկու չափ, երկու կշիռ են օգտագործում՝ առաջնորդվում են իրենց պետական, աշխարհաքաղաքական շահերով: Հաճախ զանց են առնում համամարդկային արժեքները, որոնք պարբերաբար հայտարարում են: Այս մասին ես խոսել եմ նաև Միացյալ Նահանգների պարագայում: ԱՄՆ-ը, որ կարծես թե ժողովրդավարության, համամարդկային արժեքների ամենամեծ ջատագովն է, փաստորեն մնացել է հերթի պոչում: Ինքը ցանկանում է առաջինը լինել, բայց հնարավոր է, որ Ցեղասպանության ճանաչման հարցում լինի վերջինը: Այս գործոններն ազդում են, բայց, ի վերջո, ազդում է նաև այն գիտակցումը, ընկալումը, թե անկախ մյուս շահերից` պետք է չհրաժարվել համամարդկային արժեքներից, համամարդկային մոտեցումներից, որովհետև աշխարհը բախվում է նաև նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների, որոնց կանխարգելման լավագույն ձևը անցյալի ցեղասպանությունները ճանաչելն ու դատապարտելն է:

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: