կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-19 17:56
Աշխարհ

Միջերկրական ծովում հարյուրավոր ներգաղթյալներով նավ է խորտակվել

Միջերկրական ծովում հարյուրավոր ներգաղթյալներով նավ է խորտակվել

Մալթայի ռազմածովային ուժերը հայտնում են, որ  իտալական Լամպեդուզա կղզուց հարավ ընկած հատվածում  ներգաղթյալների նավ է խորտակվել, որում առնվազն 650 մարդ է եղել: Այժմ Մալթայի եւ Իտալիայի փրկարարները համատեղ գործողություններ են իրականացնում դեպքի վայրում, տեղեկացնում է BBC-ն:

 

Վերջին տարիներին հյուսիսային Աֆրիկայից տասնյակհազարավոր ներգաղթյաներ են տեղափոխվել Իտալիա՝ խուսափելով իրենց երկրում ռազմական կոնֆլիկտներից: Աֆրիկացի անօրինական ներգաղթյալների մեծ մասը ընտրում է հենց Միջերկրական ծովով դեպի Լամպեդուզա կղզի տանող ճանապարհը՝ վտանգելով իր կյանքը:  


Իտալիայի վարչապետ  Մատեո Ռենցին Միջերկրական ծովում ներգաղթյալների նավի խորտակումն անվանել է իսկական սպանություն, որ տեղի է ունենում  ամեն օր, եւ որի մասին մարդիկ նախընտրում են լռել:  Մինչ այդ Պալերմոյի քաղաքապետն էր հանդես եկել հայտարարությամբ՝ Եվրոպային մեղադրելով սպանությունից հետո ձեռքերը պիղատոսաբար լվանալու մեջ:


Իսկ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը հայտարարել էր, որ իր երկիրը եւ Իտալիան ստիպված են միայնակ ինչ-որ բան անել այս ճգնաժամի հետ, եւ զգուշացրել էր, որ Եվրոպան ու ողջ աշխարհը  կդատապարտվեն  այս ողբերգության վրա աչք փակելու համար: 


Ավելի վաղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  կոչ էր արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ծովի միջոցով Եվրոպա հասնել ցանկացող եւ դրանով իրենց կյանքը վտանգի ենթարկող ներգաղթյալների խնդրի լուծման համար: