Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդամենը երկու օր առաջ ընկերներիցս մեկը պատմեց, թե իրենց վերելակում տեսել է մի հայտարարություն, թե ինչ-որ «Ռոսս Գրուպ» ընկերություն «պատրաստ է մարել ձեր վարկը»: Նման ծառայություն մատուցելը նույնն է, թե ինչ-որ մեկը որոշի ձեզ, ասենք, 5 միլիոն դրամ անհատույց գումար տրամադրել: Քանի որ նման առաջարկը մեր վարկախեղդ բնակչության համար կարող է շատ գրավիչ լինել, ուստի չի բացառվում, որ շատերը, գլուխները կորցրած, վազեն այդ ընկերություն և փորձեն ծանոթանալ առաջարկվող պայմաններին:
Ընկերությունն առաջարկում է մարել ձեր ունեցած վարկը հետևյալ կերպ. եթե ունեք մինչև 1 միլիոն դրամ գործող սպառողական վարկ, ապա կնքում եք երկկողմանի պայմանագիր «Ռոսս Գրուպ»-ի հետ, վճարում նրանց ձեր վարկի մայր գումարի 20 տոկոսը, որը 1 միլիոն դրամի պարագայում կազմում է 200.000 դրամ, որից հետո «բարեգործ» ընկերությունը 4 ամսվա ընթացքում ձեր փոխարեն մարում է վարկը: Եթե ձեր սպառողական վարկը գերազանցում է 1 միլիոն դրամը, ապա վճարում եք նրան մայր գումարի 25 տոկոսը: Ահա այսքան տեղեկությունը կհաղորդեն ձեզ ընկերությունից, եթե զանգահարեք և հետաքրքրվեք:
Բայց մենք փորձեցինք լրագրողական հետաքննություն իրականացնել: Պարզվում է, ըստ ընկերության ներկայացուցչի, իրենք մեր վճարած գումարը փոխանցում են Ռուսաստանում գործող ինչ-որ կազմակերպության, որն այնտեղ օրական 2 տոկոսով կարճաժամկետ վարկեր է տալիս, շահույթ ստանում և այդ շահույթի մի մասով էլ վճարում ձեր վարկը: Տվյալ վարկային կազմակերպությունը, ինչպես իրենք են իրենց համարում, միակն է ամբողջ Հայաստանում, որ նման ծառայություն է առաջարկում, բայց Ռուսաստանում այս մոդելը վաղուց հայտնի է և վտանգավոր, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, չկարողանալով դուրս գալ վարկային բեռի տակից, վստահում են իրենց գումարը նմանատիպ կազմակերպություններին, դրանք էլ պարզապես «քցում» են հաճախորդին` մի քանի ճարահատյալներից հավաքելով կլորիկ գումար` կորչում:
Ուշագրավ է փաստ` Կենտրոնական բանկի կայքից պարզեցինք, որ նման վարկային կազմակերպություն գրանցված չէ և լիցենզիա չունի: Ֆինանսական ցանկացած կազմակերպություն նախ և առաջ պետք է ունենա Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիա: Նման անունով ընկերություն գրանցված չէ նաև պետական ռեգիստրում: Հետեւությունները թողնում ենք ձեզ:
Փորձեցինք նաև զրուցել տվյալ ընկերության տնօրենի հետ, որի անունը, ըստ աշխատակցի, Եվգենյա էր, սակայն պարզվեց նա տեղում չէր:
Մեզ հետաքրքրում էր նաև, թե ինչո՞ւ է պայմանագիրը ստորագրվում երկկողմանի և չի ներառում նաև տվյալ բանկին, քանի որ անձը երաշխիքներ կստանա, որ վարկային պարտավորությունը կատարելու է երրորդ կողմը: Ուշագրավ է նաեւ, որ այս անհայտ ընկերությունը ակտիվ գովազդային արշավ չի իրականացնում, այլ բավարարվում է` միայն վերելակներում իրենց հայտարարությունները փակցնելով: Հավանաբար, շատ քաղաքացիներ արդեն ընկել են այս ընկերության թակարդը, մի քանիսն էլ դեռ կընկնեն, քանի դեռ Կենտրոնական բանկը չի այցելել տվյալ հասցեով: Ըստ էության` մեր հրապարակումը ահազանգ է ԿԲ-ի համար:
Գ.Խ.