կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-27 15:24
Քաղաքական

ՀԱԿ-ը ԲՀԿ-ին ժամանակ է տալիս

ՀԱԿ-ը ԲՀԿ-ին ժամանակ է տալիս

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ,  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցին. «Քաղաքականությունից ի՞նչ կա, պնդում եք, որ ռեժիմը խուճապի մեջ է՞»: Պատգամավորը պատասխանեց` այո, իշխանությունը շատ մեծ խուճապի մեջ էր, երբ պետք է լիներ փետրվարի 20-ի հանրահավաքը: Եվ, ըստ Զուրաբյանի, իշխանությունները աննախադեպ քայլերի գնացին, որ այդ հանրահավաքը տեղի չունենա, դիմեցին տեռորի, բռնությունների ու հարձակումների` ԲՀԿ-ին դուրս մղելով կա'մ ընդմիշտ, կա'մ ժամանակավորապես:

 

«Բնականաբար, այս պահին իշխանությունը մի քիչ հանգստացել է, բայց դա ժամանակավոր հանգիստ է, որովհետև երկիրը աղետալի վիճակում է»,- ասաց նա:

 

Հարցին, թե վերանայելո՞ւ է ՀԱԿ-ն իր համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, և արդյո՞ք ԲՀԿ-ն հրավիրել է ՀԱԿ-ին իր արտահերթ համագումարին, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Թե ինչ համագործակցություն կլինի, կախված է ԲՀԿ-ից, որովհետև որոշակի պատասխաններ ԲՀԿ-ն դեռ չի տվել` թե ինչ ուժգնությամբ են ցանկանում պայքարել ռեժիմի դեմ: Մենք ժամանակ պետք է տանք, մինչև ԲՀԿ-ն այդ հարցի պատասխանը որոշի և տա: Մինչ այդ մենք չպետք է միջամտենք այդ գործին, իրենց համագումարին»,- ասաց նա` հավելելով, որ մենակ, թե` ԲՀԿ-ի հետ, իրենք պայքարելու են ռեժիմի դեմ:

 

«Մենք պատրաստ ենք համագործակցել  ԲՀԿ-ի հետ, եթե ԲՀԿ-ն պահպանում է դիմադրության այն ոգին, որը որդեգրվել էր վերջին ամիսներին»,- հավելեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

 

Զուրաբյանի կարծիքով` շատ ու շատ բան է որոշվելու մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ: Նա նշեց, որ այդ հանրահավաքին մասնակցելու է Լևոն Տեր Պետրոսյանը, ով շատ լուրջ խոսք ունի հասելու հասարակությանը:

 

Հարցին, թե այդ ի՞նչ խառնակիչների մասին է ակնարկել Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին հղած իր նամակում, ովքեր խանգարել են ՀԱԿ-ԲՀԿ լիարժեք համագործակցությանը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Այդ թեման պետք է ընդհանրապես շրջանցել ու գնալ առաջ: Մենք այսօր պետք է հնարավորություններ ստեղծենք ԲՀԿ-ի համար, առանց այդ էլ այսօր նրանց շատ են խփում»: