Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ ԱԺ մեծամասնությունը չի ուզում որևէ կերպ անդրադառնալ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։
«Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն գործընթացը, որը տեղի է ունենում ժողովրդի թիկունքում։
Պարզ է, որ գոյություն ունի լրջագույն գործընթաց, որի մասին իմանում ենք միայն պոստֆակտում։ Հիմա մենք ասում ենք, որ ԱԺ-ն ունի շատ կարևոր դերակատարություն։ Այս գործընթացը չպետք է մեկ անձի վրա թողնել։ Նախ այդ մեկ անձը չի կարող ամբողջական այնպիսի գործընթաց իրականացնել, որտեղ սխալներ, թերացումներ չլինեն։ Մյուս կողմից կա հստակ վիճակ, որ Հայաստանի նկատմամբ ուժեղացել են արտաքին ճնշումները և չի կարելի թույլ տալ, որ այդ ճնշումները կենտրոնանան մեկ անձի վրա»,-ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում, որ մեզ համար զգայուն խնդիրների հետ կապված կուլիսային գործընթացներ կան։
«Այժմ մենք ականատես ենք լինում բանավոր համաձայնությունների կործանարար հետևանքներին»,-նշեց Արմեն Ռուստամյանը։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չկայացմանը՝ Արմեն Ռուստամյանն ասաց.
«Ակնհայտ է, որ Ստոկհոլմում բանակցությունը խափանվել է միայն այն պատճառով, որ Ադրբեջանը հարց է բարձրացրել, թե ինչու են հայ պատգամավորներն Արցախ գնացել»։
Ռուստամյանը նշեց, որ ադրբեջանցիներն ամեն տեղ փաստում, արձանագրում և ճնշումներ են գործադրում առ այն, որ Արցախի հարց գոյություն չունի, և որ պետք է Ադրբեջանից հարցնեն ու նոր Արցախ այցելեն։
«Նրանց համար կարևորն այն է, որ իրենց բանակցային գործընթացը չվտանգվի, իսկ ու՞մ են պետք այդ բանակցությունները, որոնք մեր շահերին դեմ են»,-նշեց Արմեն Ռուստամյանը, և հավելեց, որ ծածկադմփոցը, փաստի առաջ կանգնեցնելն այս իշխանությունների գործելաոճն է դարձել։