Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայրս ամենաթանկ անձնավորություններից է եղել ինձ համար: Եվ նրան ինձնից խլողները անպատիժ չեն մնալու: Պատասխանատվություն են կրելու օրենքի առաջ»,- իր ցուցմունքում ասաց 35-ամյա ամբաստանյալ Արթուր Սարգսյանը:
Նա մեղադրվում է հաջողակ բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալու և այդպիսով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակման մեջ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած այսօրվա դատական նիստում սկսվեց ամբաստանյալի հարցաքննությունը:
Նա նախ հայտնեց, որ իրեն առաջադրված որևէ դրվագով իրեն մեղավոր չի ճանաչում: Այնուհետև դատարանին և մեղադրող դատախազին փոխանցեց իր ցուցմունքի գրավոր տարբերակը` երկու հաստ թղթապանակներով:
Ամբաստանյալը հայտնեց, որ, 2008 թվականից սկսած, բիզնեսում ունեցած իր անհաջողությունների և իր ընտանիքի քայքայման հետևում կանգնած է մի պաշտոնատար անձ, որի անունը տալ չի ցանկանում: Սակայն ցուցմունքում ներկայացրեց որոշ մանրամասներ այդ անձի կողմից իր դեմ գործելու վերաբերյալ:
Ցուցմունքում ամբաստանյալն անդրադարձավ նաև իր և ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի ենթադրյալ կապին. «Կառավարության շենքում ես եղել եմ երկու անգամ, այն էլ` բնակարանի բանալին կնոջիցս վերցնելու նպատակով: Նույնիսկ կնոջս (Գայանե Մաթևոսյանը եղել է Դավիթ Սարգսյանի գործավարը –Ա.Կ.) աշխատասենյակ չեմ մտել, նա իջել է ընդունարան… Իսկ Դավիթ Սարգսյանի շուրջ ծավալած այդ սցենարը շատ պրիմիտիվ է, և շուտ կհոգնեցնի հանդիսատեսին: Ես չեմ ճանաչում Դավիթ Սարգսյանին: Առաջին անգամ նրան տեսել եմ դատարանում, երբ նա դատակոչվել է»:
Շարունակությունն ու տեսանյութն` առաջիկայում: