Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀԿ խմբակցության, հետո` նաև ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ քննարկել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում առաջարկվող նոր փոփոխությունների փաթեթը:
Ըստ այդմ՝ նախատեսվում է հղի կանանց աշխատավարձի 40, 60 կամ 80 %-անոց փոխհատուցման փոխարեն նրանց վճարել ամբողջ աշխատավարձի չափով` անկախ նրանց աշխատանքային ստաժից: Նախարարը, միաժամանակ, նշել է, որ վերապահումներ կլինեն մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող հղի կանանց համար: Նրանց տրվող նպաստի չափը կորոշվի գործատուի հետ համատեղ:
«1974 թվականից հետո ծնված շուրջ 110 000 աշխատող կանանց համար, որոնք աշխատավարձ են ստանում մինչև 1 մլն դրամ, մայրության նպաստի չափը, ըստ էության, կազմում է 100 %: Մենք առաջարկում ենք, որ այդ վերին շեմից ցածր մայրության նպաստի վճարման գործընթացը պահպանվի»,- ասել է Արտեմ Ասատրյանը:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե նոր օրենքով չկա՞ մտավախություն, որ գործատուն թափանցիկ չի ներկայացնի մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացողների աշխատավարձը, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Բացարձակ որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև դա գործատու-վարձու աշխատող հարաբերությունների շրջանակներում կանոնակարգվող խնդիր է: Գործատուներն այսօր որևէ պարտավորություն չունեն այդ նպաստի մասով, առաջարկը վերաբերում է մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձին, որպեսզի նպաստի ավելի մասը հաշվարկվի ու վճարվի գործատուի կողմից կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում: Այսօր մեր ամենալրջագույն խնդիրներից մեկն այն էր, որ նպաստներ կային, որոնք կազմում էին 10, 15 կամ 20 միլիոն դրամ, և անհրաժեշտ է այդ տեսանկյունից նայել` արդյո՞ք այդ նպաստները պետք է լինեն անվերջ, և այդ դեպքում գործատուն որևէ պարտավորություն չունի` նպաստ վճարելու հետ կապված, որքանո՞վ է շահագրգիռ, որ նպաստը համապատասխանի իր սոցիալական էությանը»:
Լրագրողների հարցերին, թե արդյո՞ք 400 կնոջ համար էր այս ամեն ինչը կամ նախկին ֆինանսների նախարարի կնոջ համար, նախարարը չպատասխանեց եւ, «ցտեսություն» ասելով, հեռացավ:
Հիշեցնեն, որ, ըստ մամուլի հրապարակումների, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջ ժամանակավոր անաշխատունակության նպաստը եղել է 20 մլն դրամ: