| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
35-ամյա Արթուր Սարգսյանը ամբաստանյալի աթոռին է` մի շարք անձանցից խաբեությամբ խոշոր չափի գույք հափշտակելու մեղադրանքով: Գործով անցնող 9 տուժողներից յուրաքանչյուրին իր ծուղակն է գցել` պաշտոնատար անձ և հաջողակ բիզնեսմեն ներկայանալով:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է գործի քննությունը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Ներկայումս հարցաքննվում են տուժողները:
Այսօրվա դատական նիստը, սակայն, հետաձգվեց ամբաստանյալի փաստաբան Հունան Բաբայանի բացակայության պատճառով: Նա դատարանին տեղեկացրել էր, որ առողջական խնդիրներ ունենալու պատճառով նիստին ներկայանալ չի կարող:
Այս գործով անցնող տուժողները ոչ միայն ֆիզիկական անձինք են, այլև հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են «Եվրոպա»-ն, «Վալենիա»-ն, գովազդային բիզնեսով զբաղվող «ԷԳԱ»-ն:
Արթուր Սարգսյանը տուժողներ Արմեն Միրզախանյանին և Հակոբ Գրիգորյանին ներկայացել է որպես կառավարության իրավաբանական վարչության պետ` օգտվելով այն հանգամանքից, որ տվյալ ժամանակահատվածում տվյալ աշխատակցի անունն իսկապես Արթուր Սարգսյան է եղել:
Տուժողները նշում են, որ այս գործով առանցքային անձ է ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, որի անունից գործել է ամբաստանյալը: Մասնավորապես` Արթուր Սարգսյանը, բացի այն, որ որպես պաշտոնատար անձ է ներկայացել, ասել է նաև, որ իրեն հովանավորում է իր ազգական Դավիթը և երաշխավոր է իրենց համատեղ բիզնեսի հաջողության համար: Սակայն, որքան հայտնի է, ֆինանսների նախկին նախարարը դատակոչված վկաների ցանկում չկա:
Արդեն իսկ հարցաքննվել է երեք տուժող` Հակոբ Գրիգորյանը, դերասան Արմեն Միրզախանյանը և «ԷԳԱ» ընկերության տնօրեն Էդուարդ Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանին և Արմեն Միրզախանյանին ամբաստանյալն առաջարկել էր համատեղ բիզնես սկսել` իրանական մետաղագործական կազմակերպության հետ համագործակցելով. իրանական հումքով այստեղ դարպասներ պետք է պատրաստեին: «Գործընկերներից» նա, համապատասխանաբար, 85 հազար և 19 հազար դոլար է վերցրել` բիզնեսում ներդրումներ անելու պատճառաբանությամբ, իսկ որոշ ժամանակ անց անհետացել է:
Իսկ «ԷԳԱ» ընկերության հետ ամբաստանյալի կողմից գրանցված «Մեգըզին ֆոր փիփըլ» ընկերությունը պայմանագիր է կնքել գովազդային վահանակներ պատրաստելու և մատակարարելու վերաբերյալ, «ԷԳԱ»-ից ստացել է 19 միլիոն 600 հազար դրամ, սակայն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չեն կատարվել: