Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալահայ բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայացած 35-ամյա Արթուր Սարգսյանի գործով այսօր դատարանում հարցաքննվեց ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը:
Վերջինս դատակոչված վկաների ցուցակում չէր, սակայն տուժողների պաշտպան Լիանա Գրիգորյանի միջնորդությամբ հրավիրվեց դատարան: Վկան դատարանում էր ներկայացուցչի, փաստաբան Լիլիթ Ներսիսյանի և արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ գործով անցնող 9 տուժողներից մեծամասնությունը իրենց ցուցմունքներում հայտնել էին, որ խաբեության զոհ են դարձել, քանի որ հավատացել են, թե իրականում գործ են սկսելու Դավիթ Սարգսյանի հովանավորությունը վայելող անձնացն և ընկերության հետ:
Իսկ տուժողներ Է.Գ-ն և Բ.Ա-ն բազմիցս պնդել են, որ հանդիպել ու զրուցել են հենց Դավիթ Սարգսյանի հետ և այդ զրույցներից հայտնիէ դարձել իրենց, որ նա տեղյակ է ամբաստնյալի գործունեությունից:
Սակայն Դավիթ Սարգսյանն այսօրվա դատական նիստի ժամանակ կտրականպես հերքեց, թե ճանաչում է ամբաստնյալին, որևէ կապ ունի նրա հետ և թե տուժողների սկսած բիզնեսի համար շահավետ որևէ փաստաթուղթ է ստորագրել` կառավարությունում իր պաշտոնավարման ընթացքում:
Նախկին ֆիննախարարը հայտնեց, որ դահլիճում նեկաներից ճանաչում է միայն մեկին` տուժող Է.Գ.-ին, ում հետ երկու անգամ պատահական ու կարճատև հանդիպում է ունեցել փողոցում: Վերջինցս էլ տեղեկացել է, որ ոմն քաղաքացի իր անունն օգտագործելով ինչ-որ խարդախություններ է կատարել:
Ինչ վերաբերում է իր նախկին գործավար Գայանե Մաթևոսյանին, ով եղել է ամբաստնյալի փաստացի կինը, Դավիթ Սարգսյանն ասաց, որ նախկինում նրան չի ճանաչել: Գայանեն կառավարությունում է աշխատելիս եղել մինչև իր` կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոն ստանալը: Իսկ մոտ 1.5-2 տարի առաջ, երբ Է.Գ-ից իմացել է, թե նրա փաստացի ամուսինը նման գործարքների մեջ է, հեռացրել է աշխատանքից, իր խոսքով` «շառից-փորձանքից հեռու» լինելու համար:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես և ում միջոցով կարող էր 2009 թվականից հետախուզման մեջ գտնվող անձը հանգիստ կերպով կառավարության շենք մտնել, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ նամն հարցերի չի կարող պատասխանել, քանի որ շենքի ռեժիմի հետ կապված պատասխանտու անձ չի եղել: Եվ ոչ մի նախարար անձամբ անցաթուղթ չի ուղարկել որևէ մեկին կառավարության շենք թողնելու համար. դա արել են գործավարներն ու օգնականները: Իսկ իր դեպքում առնվազն 5 աշխատակից կարող էր անցաթուղթ ուղարկել պահակակետ:
Այս վկան հերքեց նաև, որ երբևէ հեռախոսազրույցներ է ունեցել ամբաստնյալի հետ, թեև տուժողները պնդում են, որ բազմիցս տեսել ու լսել են, թե ինչպես Դավիթ Սարգսյանի հետ վերջինս հեռախոսով զրուցում: Նրանց պատմելով, ամբաստնյալը Դ. Սարգսյանի հետ խոսելիս հեռախոսի բարձրախոսը միացնում էր և թողնում լսել իրենց զրույցը` որպես ապացույց, որ իսկապես նախարարի հետ է խոսում:
Տուժողներ Ա.Բ-ի և Է.Գ-ի փաստաբան Լիանա Գրիգորյանը նշեց, որ իրենց հանձնված գործի նյութերում բացակայում են հեռախոսազանգերի վերաբերյալ վերծանումները, թեև դրանք առկա, և խնդրեց` իրեն նույնպես տրամադրել դրանք: Որից հետո միգուցե այս վկային հավելյալ հարցաքննելու կարիք կլինի: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Մյուս նիստին դատարանը կքննի այսօրվա դատական նիստում կողմերի ներկայացրած միջնորդությունները, այնուհետև կհարցաքննվի ամբաստնյալը: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, որպեսզի վերջինս պատրաստվի հարցաքննությանը:
Ա.Կ.
Հարցաքննությունից հատվածներ` տեսանյութում: շուտով: