կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-03 18:34
Իրավական

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2011-ի սեպտեմբերի 23-ին Մյասնիկյանի պողոտայում վնասազերծված բանդայի գործով հերթական դատական նիստը:

 

Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթացող այսօրվա դատական նիստին առաջին անգամ ներկայացել էին տուժողներ` «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն Էդուարդ Բեզոյանի որդին` Կարեն Բեզոյանը, և ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի դուստրը` Նաիրա Ազիզյանը: Նշենք, որ նրանք, ինչպեսև գործում ներգրավված մյուս տուժողները, նախորդ դատավորի` Մխիթար Պապոյանի փոխվելուց հետո չէին ներկայացել դատական նիստերին:

 

Այսօր դատարանը կողմերի ճանաչմանը ներկայացրեց բանդայի գործի իրեղեն ապացույցները: Դրանց մեծ մասը տուժողների և ամբաստանյալների հագուստներ էին, որոնցից մի քանիսն ընդհանրապես գործին չէին էլ վերաբերում, մասնավորապես` տուժող Կարեն Բեզոյանի հագուստները, որոնք, ըստ նրա, իրենց տանից գողություն կատարելու օրը պարզապես դրված են եղել իր ննջարանի աթոռին: Այդ կապակցությամբ ամբաստանյալ Սամվել Դավթյանը ռեպլիկ արեց. «Էդքան միլիոններ են տարել, էդ քռչուփալասն ե՞ք ցույց տալիս»:

 

Դատարանը ներկայացրեց Նապոլեոն Ազիզյանի բնակարանից հափշտակված «Sony» ֆոտոխցիկը, որը, ըստ նախաքննության, հայտնաբերվել է բանդայի «անդամ», վնասազերծման ժամանակ մահացած Գուրգեն Հայրապետյանի մեքենայից: Ազիզյանի դուստրը ճանաչեց ֆոտոխցիկը, սակայն ամբաստանյալներից և ոչ մեկ չխոստովանեց, որ այն ծանոթ է իրենց: Ամբաստանյալները չճանաչեցին նաև որպես իրեղեն ապացույց ներկայացված 14 բջջային հեռախոսները, որոնց մեծ մասը, ըստ նախաքննության, հայտնաբերվել են Գուրգեն Հայրապետյանի վարձակալած առանձնատանը: Այնտեղից էր հայտնաբերվել նաև  փականագործական գործիքներ (болгарка, разводной ключ), որոնցով,  ըստ նախաքննության, բանդայի անդամները բացել են գողացված չհրկիզվող պահարանները:

 

Այդ ապացույցի վերաբերյալ պաշտպան Հովիկ Արսենյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ չհրկիզվող պահարանները  չեն պահել, իսկ բանալին` այո: «Ասում էիք` գետից բազմաթիվ սեյֆեր են գտել, բա ո՞ւր են»,- դիմելով դատախազին` հարցրեց նա: Մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանն էլ պատասխանեց, որ հնարավոր է` բանալին պահել են, որպեսզի հետագայում գողացված մյուս պահարաններըը բացեն:

 

Դատարանը ներկայացրեց նաև մի քանի փաթեթներ, որոնց մեջ առկա էին տուժողներին կապկպելու համար օգտագործված կպչուն ժապավեններ, ինչպես նաև անցքերով 5 գուլպաներ, որոնք, իբր ավազակների համար որպես դիմակ են ծառայել: Նշենք, որ, ըստ փորձաքննության, դիմակներից յուրաքանչյուրի վրա հայտնաբերված քրտինքի հետքերով պարզվել է, թե ամբաստանյալներից ով որ դիմակն է կրել: Այդ կապակցությամբ Հովիկ Արսենյանը հանդես եկավ հայտարարությամբ` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ, ըստ նախաքննության, ավազակային հարձակումներ կատարվել են պարբերաբար, այսինքն` ինչպե՞ս կարող էին ամբաստանյալներն ամեն անգամ հիշել, թե որն է իրենց դիմակը և կրել այն, եթե դրանք բոլորն էլ նույնն են: Այսինքն` ինչպե՞ս է հնարավոր` բոլոր դիմակների վրա առանձին-առանձին քրտինքի հետքեր առկա լինեն:

 

Ամբաստանյալ Արթուր Մանուկյանի խոսքով` ներկայացված դիմակները նման չեն անգամ ձերբակալման օրը ցուցադրված դիմակներին: Ըստ նրա` ոստիկանության պատրաստած տեսանյութում էլ է ակնհայտ երևում, որ դիմակները տարբեր գույների են, ոչ թե բոլորը` սև:

 

Դատարանը ներկայացրեց նաև բանդայի ենթադրյալ պարագլուխ, գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի մեքենայի զննությամբ հայտնաբերված մոխրամանը, առանձին տուփի մեջ պահպանված` չորացրած մարիխուանա տեսակի թմրամիջոցը: Հակոբյանը չհերքեց, որ մոխրամանն իրեն է պատկանում, սակայն նշեց, որ թմրանյութ իր մեքենայի մեջ լինել չէր կարող: Դատավորի հարցին` այդ դեպքում ինչպե՞ս է այն հայտնվել մեքենայում, ամբաստանյալը պատասխանեց. «Դա այն մարդկանց պետք է հարցնեք, ովքեր ռեստորանից, իմ մեքենան վարելով, հասցրել են 6-րդ վարչություն»:

 

Դատավորը ներկայացրեց նաև իբր ամբաստանյալների մոտից հայտնաբերված` փաթեթավորված թմրամիջոցները: Դրա վերաբերյալ Հովիկ Արսենյանը հայտնեց, որ այդ գործով եղել են 80-ից ավելի բերման ենթարկվածներ և կասկածյալներ, և  բոլորի մոտից էլ թմրանյութեր «հայտնաբերել» են: Ո'չ ներկայացված դիմակները, ո'չ թմրանյութերը ամբաստանյալները չճանաչեցին:

 

Ներկայացվեց նաև Էդուարդ Բեզոյանի տանից գողացված օծանելիքը, ինչպես նաև այս գործով ամբաստանյալ` կալանավայրում մահացած Արման Դալաքյանի մոտից հայտնաբերված դանակը, որը տուժողները չճանաչեցին:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: