Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դաշնակցությունը կուտակային դիմումների մասով կառավարությունից երկու տեսակի տեղեկանք է պահանջում: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց կառավարությանը: Նա նշեց, որ օրենքով աշխատողներն իրավունք ունեն դիմել գործատուին՝ հրաժարվելով պարտադիր կուտակայինից:
«Առաջարկում եմ ձեզ այս ամբիոնից ևս մեկ անգամ քաղաքական հայտարարությամբ ասել, որ և պետական հատվածում, և մասնավոր հատվածում այն գործատուները, ովքեր բացահայտ կամ թաքուն խոչընդոտում են քաղաքացիների իրավունքի իրացմանը, պատասխանատվություն պետք է կրեն օրենքի առաջ: Կուզեի, որ դարձյալ այս ամբիոնից ասեիք, որ ինքներդ պատրաստ եք արձագանքել յուրաքանչյուր նման ահազանգի»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով նշեց, որ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է: «Մենք էլ ենք ահազանգեր ստացել, և կառավարությունը ձեռնարկում է քայլեր: Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ օրենքը կիրառվելու է բացառապես այն ձևով, ինչպիսին ընդունել է Ազգային ժողովը: Եթե լինեն նման դեպքեր, խնդրում եմ մեզ տեղեկացրեք այդ մասին, որպեսզի համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք: Ամեն դեպքում, որևէ ատյանից օրենքին հակասող որևէ ցուցում չի եղել և չէր կարող լինել»,- ասաց Արմեն Գևորգյանը:
Աղվան Վարդանյանը արձագանքեց, որ այդ հայտարարությունը կընդունի որպես կառավարության կողմից հնչեցված քաղաքական հայտարարություն: «Խնդրում եմ` կառավարությանը առաջիկայում ԱԺ-ին ներկայացնել երկու տեղեկանք՝ ըստ պետական կառավարման մարմինների և ըստ դպրոցների, թե 1974թ.-ից հետո ծնված որքան մարդ է աշխատում, քանի մարդ է դիմել՝ հրաժարվելով այդ համակարգից»,- ասաց պատգամավորը: Արմեն Գևորգյանն էլ խոստացավ այդ առաջարկությունը քննարկել առաջիկայում, թեև նման վիճակագրություն կառավարությունը չի վարում: