Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր խորհրդարանական ընդդիմությունը կրկին տապալեց ԱԺ արտահերթ նիստը քվորում չլինելու պատճառով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ հայտարարվում է եռաժամ ռեժիմ, այսինքն` երեք ժամ անց պատգամավորները կրկին պետք է գրանցվեն, և եթե քվորում լինի, նոր հնարավոր կլինի աշխատանքներն իրականացնել:
Նշենք, որ գրանցվել էր ընդամենը 63 պատգամավոր, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» դահլիճում չէին, թեև ԱԺ-ում էին:
«Առանց մեզ միշտ էլ քվորում չի լինի»,- լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հաստատելով, որ նիստի մեկնարկին չգրանցվելը իրենց հերթական տակտիկական քայլն էր:
Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է գրանցված 66 պատգամավոր:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ տեխնիկական խնդիր կար, և 15 րոպեից արդեն 65 պատգամավոր կլինի, շուտով մեկ-երկու պատգամավոր էլ կգան, և աշխատանքները բնականոն կշարունակվեն: Նա նշեց, որ ոչ մի խնդիր չկա, առավել ևս, որ որոշ պատգամավորներ տեղեկացված չեն եղել, որ արտահերթ նստաշրջանն առավոտյան ժամը 11-ին է սկսվելու, այլ ոչ թե սովորականի պես` կեսօրին:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, որը, փաստորեն, չգրանցվելով տապալեց նիստը գոնե այս փուլում, Շարմազանովն ասաց, որ ընդդիմությունը իրենց միշտ մեղադրում էր քաղաքական բոյկոտի և ԱԺ կանոնակարգի խախտման մեջ և նույնիսկ Էթիկայի հանձնաժողով էին դիմում, մինչդեռ հիմա նույն բանն են անում:
«Թող հիմա կողմնորոշվեն` չգրանցվելը ճի՞շտ է: Որևէ բան տեղի չի ունեցել, 10-15 րոպեների ընթացքում կշարունակենք մեր աշխատանքները»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը:
Նշենք, որ հիմա նիստը շարունակվում է: