Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով օրվա խորհրդի մասին, նշեց, որ մեր պապերն են մեզ նվիրել այդ հաղթանակները, իսկ մենք վերադարձրել ենք նրանց սխրագործությունները եռատոնի տեսքով:
«Նվիրումի ու հայրենասիրական վսեմ հատկանիշների շնորհիվ մենք պետք է շարունակենք այդ հաղթանակները` ի փառս Հայաստանի ու Արցախի»,- ասաց նա:
Հարցին, թե ո՞ւր են կորել այդ հաղթական զգացողությունները, և ինչո՞ւ վերջին ժամանակներում շատ հաղթանակներ չենք արձանագրում, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես չէի ասի, որ վերջին ժամանակներս հաղթանակներ չենք արձանագրում: Վերջին հաղթանակները, որ արձանագրեցինք Արցախյան ազատամարտի ժամանակ, շարունակական են նաև այսօր, որովհետև Հայաստանի ու Արցախի սահմաններին առաջին գծում կանգնած հայ զինվորները ամեն օր հերոսություններ են կատարում, ամեն օր հաստատակամ ու ըմբոստ, իրենց պատրաստվածությամբ և ոգով նայում են առաջ: Հայ ժողովրդի չարքաշ աշխատանքին նայելով` հայ զինվորը նայում է առաջ, անհրաժեշտության դեպքում ամեն ինչ անում, որ խաղաղությունը հարատև լինի»:
Հարցին` իսկ ի՞նչ կարող է ասել հասարակ քաղաքացու մասին, ով ներկայումս ապրում է բազմաթիվ սոցիալական դժվարություններ, նախարարը պատասխանեց. «Մեր ժողովրդի համար երբևիցե հեշտ կյանքը չի եղել հիմնական առօրյա կյանքում, միշտ էլ դժվարություններ քաշել ենք ու միշտ պայքարով ենք կերտել խաղաղ արարումը, և այդ առումով` հերոս է մեր ամբողջ ժողովուրդը, եթե հերոս չլիներ, մենք չէինք կարող գոյատևել մինչ օրս»:
Խոսելով ներկայիս սոցիալական դժվարությունների մասին, որոնց ամեն օր առնչվում է հայ քաղաքացին, Սեյրան Օհանյանը կարծիք հայտնեց, որ երկրագնդի վրա չկա մի պետություն, որ այսօրվա ֆինանսատնտեսական պայմաններում դժվարություններ չունենա: «Հերոս է մեր ամբողջ ժողովուրդը, և մենք պետք է խոնարհվենք հայ ժողովրդի առաջ»,- եզրափակեց խոսքը նա: