կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 16:57
Իրավական

Կառավարության «իրավաբանական վարչության պետը» հազարավոր դոլարներ է հափշտակել

Կառավարության «իրավաբանական վարչության պետը» հազարավոր դոլարներ է հափշտակել

Կառավարության «կեղծ» աշխատակցի` 35-ամյա Արթուր Սարգսյանի ծուղակն ընկել է ոչ միայն դերասան Արմեն Միրզախանյանը, որի ցուցմունքներին անդրադարձել էինք երեկ: Պարզվում է, որ Ա. Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով անցնող տուժողների մեջ կան նաև իրավաբանական անձինք, խոշոր կազմակերպություններ:

 

Նշենք, որ, համաձայն մեղադրականի, Արթուրը տարբեր անձանցից, խարդախությամբ և վստահությունը չարաշահելով, առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել` ներկայանալով որպես պաշտոնատար անձ և հաջողակ բիզնեսմեն:

 

Տուժողներից մի քանիսին, մասնավորապես` Ա. Միրզախանյանին նա ներկայացել է որպես կառավարության իրավաբանական վարչության պետ Արթուր Սարգսյան` օգտվելով այն առիթից, որ նույն ժամանակահատվածում կառավարության համապատասխան աշխատակցի անունը նույնպես Արթուր Սարգսյան է եղել:

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ ավարտվեց «ԷԳԱ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Գասպարյանի հարցաքննությունը: Գովազդային բիզնեսով զբաղվող «ԷԳԱ» ընկերությանը Ա. Սարգսյանը առաջարկել է վահանակներ պատրաստել շուկայականից ավելի մատչելի գներով:

 

Է. Գասպարյանի խոսքով` Արթուր Սարգսյանի հետ ծանոթացել է սրճարանում իր ծանոթներից մեկի միջոցով: Հետո տուժողի խնդրանքով գնացել են «արտադրամասերը», որտեղ պետք է պատրաստվեին վահանակները. «Գործալքված գործարան էր, հետո ճանապարհի վրա գտնվող մի ցեխ ցույց տվեց: Վստահելի չէր»:

 

Հետո Մալաթիա-Սեբաստիա համայնքում ցույց է տվել արդեն իսկ տեղադրված մի քանի վահանակներ` նշելով, որ դրանք իր արտադրամասում են պատրաստվել: Քանի որ այդ ժամանակահատվածում «ԷԳԱ» ընկերությունը մեծաքանակ պատվեր է ունեցել, իսկ ժամկետները բավական սուղ են եղել, համաձայնել են համագործակցել: Սկզբում տուժողը նախ առձեռն գումարներ է տվել, որպեսզի Ա. Սարգսյանի կազմակերպությունը (Magazine for people/«Մեգըզին ֆոր փիփըլ» ՍՊԸ) պատվերը կատարի, արդյունքում` մոտ 6-7 վահանակ պատրաստվել է:

 

Եվ դրանից հետո միայն, երբ վստահությունը շահած է եղել, մեծ քանակությամբ վահանակներ պատվիրելու վերաբերյալ պայմանագիր է կնքվում, Արթուր Սարգսյանի կազմակերպության հաշվին է փոխանցվում նախնական` 19 միլիոն 600 հազար դրամ, որի դիմաց որևէ ծառայություն չի մատուցվում, սակայն:

 

Է. Գասպարյանը նշեց, որ այդ 19 միլիոն 600 հազար դրամը ընդամենը կանխավճարն է եղել, պայմանագրի ընդհանուր արժեքը մոտ 60 միլիոն դրամ է եղել: Տեսնելով, որ համապատասխան ծառայությունները չեն կատարվում, իսկ Ա. Սարգսյանն էլ անհետացել է, գումարները բռնագանձելու պահանջով «ԷԳԱ» ընկերությունը դիմում է դատարան:  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Էդիկ Ավետսիյանի նախագահությամբ, բավարարում է հայցը` պարտավորեցնելով «Մեգըզին ֆոր փիփըլ» ընկերությանը վճարել 19 միլիոն 600 հազար դրամը: Բայց ավաղ…

 

Էդուարդ Գասպարյանի արտահայտությունը, թե դեռ հույս ունի, որ Արթուր Սարգսյանը մի օր կվճարի գումարը, ծիծաղ առաջացրեց դահլիճում նստած մյուս տուժողների շրջանում: Ծիծաղեց նաև Է. Գասպարյանը:

 

Ի դեպ, նա իր ցուցմունքներում նշեց, որ չի խոսում Արթուրին տված մյուս գումարների մասին, քանի որ ստացականներ չկան ձեռքի տակ, սակայն, բացի վերոնշյալ գումարից, Արթուրն իրեն մոտ 4-4.5 միլիոն դրամ նույնպես պարտք է:

 

Նախաքննության ընթացքում Է. Գասպարյանը չէր պատմել նաև Արթուրի մյուս խարդախությունների մասին` էլի հույս չունենալով, որ դրանից մի բան դուրս կգա: Սակայն դատարանում հարցաքննությունների ժամանակ պարզվեց, որ 2006 թվականից հողատարածքներ ձեռք բերելու խոստումով երկու անգամ գումար է վերցրել` մոտ 36 հազար դոլար և 3 միլիոն 600 հազար դրամ: Սրանց մասին վկայող համապատասխան փաստաթղթերը նույնպես կցվեցին գործին:

 

Է. Գասպարյանը պատմեց նաև, որ Արթուր Սարգսյանն իրեն նույնպես առաջարկել է բաժին ունենալ իրանական հումքով դարպասների պատրաստման բիզնեսին, սակայն հրաժարվել է` համարելով, որ այդ բիզնեսը հեռանակար ունենալ չէր կարող:

 

Նշենք, որ այս գործով 9 տուժող կա: Ա. Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2009-ին: Հետախուզման մեջ լինելու պատճառով գործը կասեցվել է, իսկ 2013-ի մարտին հայտնաբերվելուց հետո կալանավորվել է, գործը վերսկսվել է:

 

Հ.Գ. Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

ՀՀ Սահմանադրություն, հոդված 21