կարևոր
2392 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-01 12:49
Քաղաքական

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել կառավարության պետաիրավական վարչության պետը․ «Հրապարակ»

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել կառավարության պետաիրավական վարչության պետը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ մեզ լուրեր հասան, որ խաղաղության պայմանագիր կոչվածի հետ կապված՝ ինչ որ փաստաթուղթ է կառավարությունում դրվել շրջանառության մեջ, 120 էջից բաղկացած մի փաթեթ, որն առնչություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման փոխհամաձայնությունների հետ: Այն դեռեւս մուտք չի արվել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության՝ Mulberry համակարգ, ինչը սովորաբար արվում է օրենսդրական նախաձեռնությունների, միջպետական պայմանագրերի ու համաձայնագրերի դեպքում` պաշտոնական շրջանառության մեջ դնելիս։ Պատկան գերատեսչության պատասխանատու պաշտոնյաները որեւէ նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ համաձայնություն են տալիս կամ, ինչպես ընդունված է ասել՝ «վիզաներ» են դնում դրա վրա՝ հավաստելով, որ ծանոթացել են տեքստին, առարկություններ չունեն։

Ըստ մեր աղբյուրի՝ սեւագիր փաստաթղթի համար սկսել են «վիզաներ» հավաքել, եւ դրան մասնակցում է գործադիրի ղեկավար կազմը՝ կառավարության աշխատակազմի վարչությունների պետեր, մի շարք գերատեսչությունների ղեկավարներ եւ այլք։ Փաթեթի մեծ մասը քարտեզներից է կազմված, որոնցով, ենթադրվում է, պետք է իրականացվեն ՀՀ սահմանագծումն ու սահմանազատումը, եւ որոնք, ըստ էության, Գուգլի քարտեզների պատճեններն են։ 
Պաշտոնյաներն անգամ չեն կարողանում մանրակրկիտ ուսումնասիրել այն, սակայն բոթը, այսպես ասած, տարածվել է կաբինետներով։ Տպավորություն է, որ բոլորին մասնակից են դարձնում մի պրոցեսի` խմբակային հանցագործության են մղում, որ հետո ասեն` բոլորդ տեղյակ եք եղել, դա միանձնյա չի կատարվել: Սակայն այս գործընթացը եւ, առհասարակ, վերջին իրադարձությունները ոչ բոլորի սրտով են, ոմանք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը կոլեկտիվ պատասխանատվություն է ուզում առաջացնել։ Մի կողմից՝ դա լինելու է փաստ, որ այսքան մարդ տեղեկացված է եղել գործընթացից, դեմ չի եղել, կնշանակի՝ ինքը միայնակ չի որոշում կայացրել, մյուս կողմից՝ Փաշինյանն այդպիսով նաեւ ուզում է ապահովագրել իրեն, քանի որ կասկած չկա, որ փաստաթղթի ստորագրումից հետո փոթորիկ է բարձրանալու ոչ միայն հանրության, այլեւ ներհամակարգային տիրույթում:

44-օրյա պատերազմից հետո՝ մինչ օրս փոխադարձ մեղադրանքների շղթան չի ավարտվում, Զինված ուժերի գլխավոր շտաբը մեղադրում էր Փաշինյանին՝ պատերազմի ու պարտության համար, եւ ճիշտ հակառակը։ Բացի այդ,  խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչպեսեւ պատերազմին, կարող է հաջորդել հրաժարականների շղթա, որը եթե անգամ իշխանության փլուզման չհանգեցնի, հանրության մոտ որոշակի տրամադրություններ կարող է ձեւավորել, բողոքի ալիք առաջացնել։

Կան մի քանի հոգի, որ քաջություն են գտել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու եւ անգամ ազատվողներ կան, կառավարության մեր աղբյուրի վստահեցմամբ՝ մի խումբ էլ ճամպրուկային տրամադրությունների մեջ է։ 
Առայժմ միայն միջին կալիբրի 2-3 պաշտոնյաների ազատման մասին է խոսվում։ Ազատվողներից մեկը վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Համազասպ Թորոսյանն է։ Չնայած կառավարության կայքում Թորոսյանի  անունը դեռ պահպանվել է, բայց նրա ազատման հրամանագիրն արդեն եղել է։ Երեկ մեզ հետ զրույցում Թորոսյանը հաստատեց դիմում գրելու փաստը, բնականաբար՝ չխոստովանեց, որ դրա պատճառն անհամաձայնությունն է վերջին գործընթացներին։ Հասկանալի է՝ մարդը չի ցանկանում ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել, հատկապես որ Փաշինյանը չի հանդուրժում ընդդիմադիրներին։ Հարցին, թե որն է եղել ազատման պատճառը, Թորոսյանը զերծ մնաց մեկնաբանելուց․ «Իմ ցանկությունն է եղել, ավելին չեմ ուզում ասել»: Անգամ հարկ չհամարեց տեղեկացնել, թե որ օրն է դիմում գրել։

Նշենք, որ Համազասպ Թորոսյանը 2014-2018թթ. աշխատել է նախագահականում, եղել է իրավաբանական վարչության առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ապա՝ նույն վարչության խորհրդատու։ 2018-ի հայտնի դեպքերից հետո տեղափոխվել է վարչապետ Փաշինյանի աշխատակազմ, մինչեւ 2019 թ. եղել է վարչապետի աշխատակազմի պաշտպանության, անվտանգության եւ արդարադատության հարցերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, այնուհետ՝ նույն վարչության պետի պաշտոնակատար: 2019թ․ մինչ օրս վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի նախ պաշտոնակատարի, ապա պետի պաշտոնն է զբաղեցրել։

ՀԳ․ Ուշագրավ է, որ Ազգային ժողովում երկուշաբթի օրը կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 1-ին Քիշնեւում փաստաթուղթ չի ստորագրվի, ասաց, որ չկա պատրաստի փաստաթուղթ։ Մինչդեռ իշխանական շրջանակներում ակտիվ խոսում են, որ խաղաղության պայմանագիրը միանգամից չի ստորագրվելու, այն լինելու է, այսպես կոչված, շրջանակային, փուլային փաստաթուղթ, այսինքն՝ խաղաղության համաձայնագրի հիմնական դրույթների վերաբերյալ նախ համաձայնություն կտրվի, որը կլինի պայմանագրի ճանապարհային քարտեզը, որտեղ նշված կլինեն ժամկետները, պատասխանատուները, ամենավերջում կկնքվի պայմանագիրը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում