կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-02 13:24
Մշակույթ

Լեհական կինոյի նահապետի` Անջեյ Վայդայի ֆիլմերը կցուցադրվեն Երևանում

Լեհական կինոյի նահապետի` Անջեյ Վայդայի ֆիլմերը կցուցադրվեն Երևանում

88-ամյա աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Անջեյ Վայդան ամենևին էլ ցանկություն չունի հանգստի անցնելու. նրա վերջին ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013-ի հոկտեմբերին: Վայդան ավելի քան 55 ֆիլմ է նկարահանել, որոնցից 40-ը խաղարկային ֆիլմեր են: Անվանի կինոռեժիսորն արժանացել է կինոլորտում առկա բոլոր արժեքավոր մրցանակներին` «Օսկար»-ից մինչև Կաննի «Ոսկե արմավենի»: Վայդայի ֆիլմերից մեկը` «Խնկեղեգը», 2009-ին ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:

 

Հունիսի 4-9-ը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Անջեյ Վայդայի ֆիլմերի ցուցադրությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նշեց, որ Վայդայի ֆիլմերի ցուցադրմամբ իրենք նպատակ ունեն ներկայացնել Լեհաստանը` պատմական և ժամանակակից հայացքներով:

 

«Մեր` լեհերիս և հայերիդ անցյալը շատ նման է իրար, և Վայդայի ֆիլմերի մի շարք տեսարաններում դուք ձեր պատմությանը բնորոշ դրվագներ կտեսնեք: Մենք ուզում էինք մեր պատմությունը, անցած ճանապարհը ներկայացնել, բայց չուզեցինք այն կոնֆերանսի միջոցով ներկայացնել, այլ` Վայդայի ֆիլմերի, որոնք այնքան լավ են բնութագրում Լեհաստանի անցյալն ու ներկան»,- ասաց դեսպանը:

 

Կինոգետ Զավեն Բոյաջյանն էլ նշեց, որ Վայդային կարելի է լեհական կինոյի նահապետը համարել, քանի որ նա երբևէ երևան եկած խոշորագույն ռեժիսորներից է, ով ստեղծագործում է` 50-ականներից սկսած: «Կցուցադրվեն Վայդայի 6 ֆիլմերը, որոնք Վայդայի արվեստը ներկայացնելու և պատշաճ պատկերացում կազմելու համար շատ քիչ են: Վայդան վերջին տասնամյակներում լեհական կինոարվեստում միշտ ներկա կինոռեժիսորներից է»,- ասաց նա:

 

Հունիսի 4-ին կցուցադրվի Վայդայի «Վալենսա` հույսի մարդը» ֆիլմը, որը, Բոյաջյանի տեղակացմամբ, պատմում է Լեխ Վալենսայի կյանքի և գործունեության մասին, ով, գլխավորելով «Սոլիդարնոստ» շարժումը, դարձավ կոմունիստական ռեժիմից ազատ Լեհաստանի համար պայքարի առաջամարտիկը: Ֆիլմում ներկայացվում է նաև Վալենսայի նկարագիրը` որպես մարդ, հայր, հասարակ բանվոր:

 

Այնուհետև կցուցադրվեն Վայդայի «Երկաթե մարդը» /հունիսի 5-ին/ և «Մարմարե մարդը» /հունիսի 6-ին/ ֆիլմերը, որոնք արտացոլում են Վայդայի սոցիալ-քաղաքական հայացքները: Բոյաջյանի կարծիքով` սրանք ժամանակի վավերագրեր են, որոնք «Սոլիդարնոստ» շարժման պատմության լավագույն գեղարվեստական արտացոլումն են:

 

«Մոխիր և ադամանդ» /հունիսի 7-ին/, «Ջրանցք» /հունիսի 8-ին/` այս երկու ֆիլմերը պատերազմական դրամաներ են, որոնք Վայդայի ամենահայտնի գործերն են, որոնց շնորհիվ էլ մեծ ճանաչում է ձեռք բերել կինոռեժիսորը: Բոյաջյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ ֆիլմերը ցուցադրվել են Կաննի կինոփառատոնում և երկուսն էլ մրցանակի արժանացել:

 

«Վայդան, կարծես, պատերազմի բեռն ուսերին կրող պատմական ողբերգակ է: Ի դեպ, Վայդան փորձել է էկրանավորել բոլոր այն գրքերը, որոնք հուզել են իրեն, կարելի է ասել` նա մշտապես հուզված ռեժիսորի կերպարի մեջ է: Նա էկրանավորել է ոչ միայն լեհ գրողների գործերը, այլ նաև համաշխարհային գրականության /Դոստաևսկի, Բուլգակով/ լավագույն ստեղծագործությունները»,- ասաց Բոյաջյանը:

 

Հաջորդ ֆիլմը «Խնկեղեգ»-ն է /կցուցադրվի հունիսի 9-ին/, որը հոգեբանական դրամա է: Բաղկացած է երեք մասից` ֆիլմի նկարահանման աշխատանքները, արդեն իսկ նկարահանված ֆիլմերը և ֆիլմի գլխավոր դերասանուհու կենդանի զրույցը, ով պատմում է, թե ինչպես է մահացել իր ամուսինը: Այս ֆիլմը, Բոյաջյանի հավաստմամբ, վերջին տասնամյակներում կինեմատոգրաֆիայի լավագույն մտահղացումն էր:

 

Բոյաջյանն ավելացրեց նաև, որ Վայդան այնպիսի կինոռեժիսոր էր, ով ընդգրկում էր մի քանի մարդու, քանի որ նա կարողանում է նկարահանել ցանկացած ժանրի ֆիլմ:

 

Ի դեպ, ֆիլմերի մուտքն ազատ է լինելու /բացի առաջին` «Վալենսա` հույսի մարդը» ֆիլմից/: